Բնապահպան Սիլվա Ադամյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինֆորմացիա ունի, համաձայն որի՝ Սևանա լիճը գրավ է վերցվել Համաշխարհային բանկի կողմից, և դրա դիմաց մեր պետությանը գումար է տրամադրվել:
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հայտարարությանը՝ պատասխանեց.
«Բնապահպաններն ովքե՞ր են, ի՞նչ են, աբսուրդ հայտարարություններ են արվում, բայց ասեկոսեն սահման ունի: Դուք ինքներդ հավատո՞ւմ եք, որ Համաշխարհային բանկը Սևանը գրավ է վերցրել: Եկեք աբսուրդի չհասնենք,-ասաց նա:
ՀՀ բնապահպանության նախարարության մամլո խոսնակ Թեհմինա Արզումանյանն էլ նշեց, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. «Սևանը մեր Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն և պաշտպանված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Սևանում նավթի առկայությանը, ՀՀ բնապահպանության նախարարության մամլո խոսնակը նշեց, որ նավթի որոնողական աշխատանքներ իրականացվում են ամբողջ Հայաստանի տարածքով: Խոսքը նաև գազին է վերաբերում:
«Եթե իրականացվում է որոնողական գործընթաց, դա չի նշանակում, որ հայտնաբերվելու է կամ դրանից հետո նավթը հանվելու է: Նման բան չի կարող լինել: Սևանի մասին օրենք գոյություն ունի: Այն ընդամենը ուսումնասիրության գոտում է գտնվում ու ենթակա չէ արդյունահանման»,-մանրամասնեց Թեհմինա Արզումանյանը:
Անդրադառնալով Սևանի հատակում ոսկու առկայության շուրջ պտտվող լուրերին՝ ՀՀ բնապահպանության նախարարության մամլո խոսնակը նկատեց.
«Ապրիլի մեկին նման տեղեկություն տարածվեց մամուլում, դա հերքվեց.կատակ էր: Մասնագիտական, գիտական վերլուծություններ չկան այդ մասին»:
Անի Կարապետյան