Սևանա լճում խեղդվելուց 3 տարի անց գտել են երիտասարդ ձկնորսի մասունքները
2022թ. մայիսի 6-ին Գեղարքունիքի Վարդենիկ գյուղից Ավետիք Սևոյանը և Իշխան Աբրոյանը լիճ էին դուրս եկել` ձկնորսության։ Եղել էին հին, ալյումինե փոքր նավակով, եղանակն էլ` խիստ անբարենպաստ։ Նավակը շրջվել էր, և երկուսն էլ խեղդվել էին։
«Ավետիքի մարմինը մի քանի ամիս անց գտանք։ Իսկ Իշխանի մարմինը ամիսներով ման եկանք, անգամ Ռուսաստանից հատուկ սարքեր բերեցինք, որ Սևանա լճի հատակն էր ցույց տալիս։ Ամբողջ ԱԻՆ-ը, Սևանի բոլոր ձկնորսները ման էին գալիս Իշխանին»,- ԱրմենիաSputnik–ին պատմել է վարդենիկցի գյուղատնտես, Արտուշ Խաչատրյանը։
Իշխանը 22-23 տարեկան էր, ընտանիքի միակ տղան, մի քանի տարի առաջ էլ նրա հայրն էր խեղդվել, էլի ձկնորս էր։ Իշխանի մասունքներն ու կոշիկը ափում հանգստացողներն են գտել։ Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ Իշխանի մասունքներն են։