ermenihaber-ը գրում է. Ստամբուլում հայկական Կենտրոնական վարժարանի շրջանավարտների միության դահլիճում պոլսահայ պատմաբան, գրող, լեզվաբան, լրագրող Սևան Նիշանյանի ընկերները ժողով էին կազմակերպել, որի ժամանակ ընթերցվել են Նիշանյանի ուղերձը և գրառումները: «Սևան Նիշանյան. այլախող և տաղանդավոր մի հայ մտավորական» խորագիրը կրող ժողովին Նիշանյանի որդիներից Դավիթն ընթերցել է արդեն 10 ամիս բանտարկված և այդ ընթացքում բանտից բանտ տեղափոխված հոր ուղերձը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը:
«Կարծում էին, թե վախեցնելով կարողանալու էին ծնկի բերել, բայց չկարողացան: Կարծում էին, թե, հանրապետության ամբողջ ընթացքում կատարելության հասցված մեթոդները կիրառելով, կարողանալու էին ստիպել, որ փախչեմ երկրից այնպես, ինչպես նախկինում մեզ նման հազարավորներին էին ստիպել փախչել: Դա էլ չկարողացան: Հիմա էլ կարծում են, թե բանտարկելով ինձ ծնկի կբերեն: Չեն կարողանալու, քանի որ սրանք վախկոտներ են, իսկ ես՝ ոչ»,- գրել է Նիշանյանն իր ուղերձում: