Լույս է տեսել «Հայաստանի Հանրապետություն» 11 հատորանոց պատմական հանրագիտարանը, որի հեղինակները հայր և որդի Սամվել և Արտեմ Հակոբյաններն են:
Գլխավոր խմբագիր Սամվել Հակոբյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ աշխատանքները սկսել է 1981 թվականից: Հանրագիտարանում ներառել է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերն ու Արցախի, Նախիջևանի, Վրաստանի, Իրանի, Ադրբեջանի հայկական պատմամշակութային հուշարձաններին վերաբերող տեղեկությունները: Ներկայացված է նաև Կիլիկյան Հայաստանը:
«Այս գրքում կա ամեն մի գյուղ: Խոսվում է նաև տնտեսության, աշխարհագրական դիրքի, բնակչության թվաքանակի մասին: Ընդգրկված են ՀՀ 20.000-ից ավելի հուշարձաններ, եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ: Հուշարձանները նկարված են իրենց շրջապատով:
Չեմ մոռացել նաև թանգարանների, տարբերր ազգերի պատմական հուշարձանների, դպրոցների, բուհերի մասին: Օրինակ, որևէ մեկը տեղյա՞կ է, որ Գավառի պետական համալսարանն ունի պատմահնագիտական թանգարան»,-ասաց հեղինակը:
Մասնագիտությամբ պատմաբան Սամվել Հակոբյանը նկատում է.
«Կա մեկ հուշարձան, որը ես համարում եմ քաղաքակրթության անձնագիրը: Խոսքը Սև սարի ստորոտում գտնվող քարի մասին է, որն անուշադրության է մատնված: Շատ գիտնականներ չեն ցանկանում ասել, որ ՀՀ-ում կա այսպիսի ժայռաքանդակ, որտեղ ամբողջ աստղային քարտեզն է: Բացի այդ՝ այնտեղ կան տարբեր տեսակի ժայռապատկերներ: Ընդ որում՝ դրա վրա նաև դաջված է Սևանա լիճը: Այսինքն, պատկերված աստղային քարտեզը Սև սարի առեղծվածն է, իսկ աշխարհում չկա նման բան»:
Անի Կարապետյան