ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում ներկայացրել է իրենց խմբակցության՝ սահմանադրական փոփոփությունների նախագծի քննարկմանը չմասնակցելու շարժառիթները: Ըստ նրա՝ իրենց մեղադրում են երերուն կեցվածք ունենալու մեջ, սակայն դա ամենևին էլ այդպես չէ: Գ. Պետրոսյանը պնդեց, որ սահմանադրական ճգնաժամ գոյություն չունի, դա շինծու օրակարգ է:
«Երբ մենք ասում ենք ճգնաժամ, դա ոչ թե պետք է մանր-մունր հակասություններ հասկանանք, կամ՝ կոլեկտիվում մեկը մեկին չի սիրում, այլ որ այդ մարմինը հնարավորություն չունի իրականացնել իր առջև դրված պատականությունները: Ասեք մի դեպք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի օրոք ՍԴ-ն դիմում է ստացել և չի կարողացել քննել գործը և որոշումներ կայացնել: Նման դեպք չկա: Մի բան ասեմ՝ ինձ համար ցավալի իրողություն է, բայց պետք է ասեմ. ԱԺ-ում հիմա ավելի շատ ճգնաժամ կա. իրար հանդեպ վստահության, իրար հանդեպ հանդուրժողականության ճգնաժամ, այստեղ ավելի շատ է մթնոլորտը, քան ՍԴ-ում: Այլ է խնդիրը, որ ՍԴ-ն յուրայիններով լցնելու ցանկությունը մարդիկ ուզում են բխեցնել այս առաջին հայացքից վտանգավոր իրավիճակից»,- նշեց պատգամավորը:
Նա ասաց, որ ինքը շռայլություն է համարում մեկ անձի համար հանրաքվե անցկացնելը:
Հարցին, թե իր կարծիքով՝ որտեղի՞ց է գալիս «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վստահությունը՝ առ այն, որ նախօրեին ընդունված փաթեթը ՀՀ նախագահը ստորագրելու է, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, թե հարգում է յուրաքանչյուր գործընկերոջ կարծիք, սակայն ժամանակը ցույց կտա, թե այդ վստահությունը որքանով է հիմնավոր: