▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սցենարը նույնն է, գործիքները՝ հին. Անահիտ Բախշյանի «լացող» ուրացումը

Իրավունք թերթը գրում է․ Հանրային հեռուստատեսությունը վերածվել է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի եւ քարոզում է այն, ինչ վերջինիս մտքին փչում է: Ընդ որում՝ ՀՀ քաղաքացիներիս վճարած հարկերի հաշվին: Հիմա էլ ջանք ու եռանդ չեն խնայում չարաբաստիկ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանի գործողությունները նույնացնելու «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ: Եվ, իհարկե, այս դավադիր «օպերացիան» իրականացնելու համար՝ Հանրայինի եթերում է հայտնվում հոկտեմբերի 27-ի զոհերից ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:  Ամեն անգամ այս տարեց կնոջն այսքան ստորաբար օգտագործում են, դե նա էլ միշտ ստանձնում է այդ դերը մեծ ոգեւորությամբ:

Ի՞նչ է ասում լացակումած Բախշյանը Հանրայինի եթերում՝ անդրադառնալով Բագրատ սրբազանին կալանավորելուց առաջ հրապարակված ձայնագրություններին. «Ես Վազգեն Գալստանյանին շատ վաղուց եմ ճանաչում, իրար հետ այնքա՜ն լավ, բարի գործեր ենք արել ու հիմա, որ լսում էի այդ ձայնագրությունները, խելքս կորցնում էի, ասում էի՝ ո՞նց կարող է Բագրատ սրբազանն այս բառապաշարն ունենալ: Ես ապշում եմ, սկսեցի կասկածել, հետո լսեցի տարբեր մասնագետների, ովքեր ասացին, որ արհեստական բանականությունը չէր կարող այդքան կարճ ժամանակամիջոցում այդ բանն անել, մի խոսքով… Չեմ հասկանում, անկարող եմ բացատրել, թեւերս կախվում են, լեզուս կապվում են…»:

Այո՛, սցենարը նույնն է, ինչ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի ժամանակ էր: Սարքվեց տեսանյութ, գտնվեցին լալահառաչ կանայք, ովքեր ասացին, թե՝ կորցրեցին իրենց հերոսին, հիմա էլ Բախշյանի համար իր թանկագին, իր շատ սիրելի Բագրատ սրբազանն է կորսված՝ դարձավ Վազգեն Գալստանյան: «Լացող» ուրացում…

Իհարկե, մի հարցում Բագրատ սրբազանն, իրոք, մեղավոր է: Պետք չէր տարիներ շարունակ Անահիտ Բախշյանին այդքան տեղ տալ՝ մի մարդու, ով մարտի 1-ի դեպքերի ժամանակ սուտ լուրեր էր տարածում, թե երեխա է սպանվել՝ փողոցից գտած ինչ-որ կոշիկ թափահարելով: Մի մարդու, ով ճակատին էր խփել միջադեպի հետեւանքով սպանված ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի անուն-ազգանունը, բայց այդպես էլ ճակատին չխփեց այս իշխանության բերած պատերազմի ու պարտության հետեւանքով զոհված հազարավոր տղաների անուն-ազգանունները: Այս տարիներին մեկ բշտեց, մեկ սիրաշահեց այս իշխանությանը եւ մշտապես մնաց հիացած Ստյոպա Սաֆարյանով ու Արամ Զ. Սարգսյանով՝ թունդ արեւմտամետներով, ովքեր հանրային դաշտ են նետում այն, ինչ պետք է Փաշինյանին: Եվ ահա իր նշած այս «տարբեր մասնագետները» տիկին Բախշյանի գլուխը մտցրել են, որ Բագրատ սրբազանն ահաբեկիչ է: «Նոր հոկտեմբերի 27 ե՞ք ուզում», - մարդկանց հույզերի վրա կրկին խաղում է Բախշյանը: Մեզ մնում է միամիտ լավատեսությամբ հուսալ, որ այս անգամ գոնե անգիտակցաբար է նա անում:

Հեղինակ՝ Հրանտ Սարաֆյան

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more