Կա քարերը նետելու և հավաքելու ժամանակը: Շտապողականությունը կամ ոչ համարժեք գործողությունները կարող են խնդրի անհաղթահարելիության պատրանք ստեղծել: Իրականում չկա անլուծելի խնդիր, և չկա անպարտելի հակառակորդ: Պետք է գիտակցել, որ հաղթելու առաջին գրավականը՝ հաստատակամությունն է, որը հիմնված է առողջ ինքնագնահատականի վրա, երկրորդը՝ արտաքին գործոնների նկատմամբ ազնիվ մոտեցումներն են, որոնք արտահայտվում են ազնիվ և համարժեք քաղաքականությամբ: Մեր պետությունը գործընկերների, դաշնակիցների, նույնիսկ՝ հակառակորդների հետ մշտապես ազնիվ է վարվել: Իսկ ինքնավստահությունը ձեռք ենք բերել հայ ժողովրդի ազատության համար մղած փառապանծ պայքարում: Այնպես որ, մեզ համար անելանելի իրավիճակ չի կարող լինել: Սա նշանակում է, որ շատ մոտ է վերջնական խաղաղության օրը, որի անկյունաքարը դրվեց 24 տարի առաջ, մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրմամբ: Այդ մեծ հաղթանակով կոտրվեց թերարժեքության բարդույթը, թե հայը փոքր ածու է, չի կարող կռվել և պաշտպանել իր ազատությունը: Այդ օրը ապացուցեցինք, որ մեծ ժողովուրդ ենք, և արժանի ենք ազգերի շարքում հավասար դիրք զբաղեցնելու: Ի վերջո, այդ օրը անափ ուրախությամբ է լցնում մեր սրտերը և մղում նորանոր հաղթանակների: Շնորհավորում եմ բոլորիս Մեծ հաղթանակի՝ Շուշիի ազատագրման օրվա առթիվ և մաղթում, որ հաղթելու հաստատակամությունը ամենուր ուղեկցի հայ մարդուն: