armenpress.am-ը գրում է․ Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն արդեն Հայաստանում է: Ինչպես «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից տեղեկացնում է «Արմենպրես»ի թղթակիցը, նա րոպեներ առաջ ոտք դրեց հայկական հողին: Ազնավուրը Հայաստան է եկել ռուսաստանյան շրջագայություններից հետո: Երգիչը ելույթ էր ունեցել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում: Ազնավուրը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, թե իրեն լավ է զգում:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե նա շատ կարևոր պահի է եկել Հայաստան, երգիչը նկատեց. «Ամեն օր էլ պետք է, որ երկրների նախագահները գան Հայաստան»: Պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվել Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, Ազնավուրն ընդգծեց. «Ոչ շատ բան: Պետք է որ փոխվի, բայց դա չի լինում»: Շառլ Ազնավուրը լրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ավելի վաղ նշել էր, որ ապրիլի 24ին անպայման ժամանելու է Երևան, որպեսզի մասնակցի Ցեղասպանության 100րդ տարելիցի անմեղ զոհերին նվիրված միջոցառումներին:
«Չի կարելի անտեսել այն, ինչ տեղի է ունեցել: Թուրքերին պետք է ասել, որ ճշմարտությունը հայտնելու ժամանակն է», ասել էր Ազնավուրը: Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ ունեցավ նաև Հայաստանում:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում