▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը՝ միջազգային դատարանում

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը՝ միջազգային դատարանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։

Հայտարարությունում ասվում է. «Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։

Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման»:

***

ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել. ««Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի,

· միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,

· հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,

· ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»»:

Դիտեք նաև՝

***

Հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի տուֆտա ավանտյուրայի պատմություն․
Եվ այսպես՝ Սամվել Կարապետյանը, ՀԷՑ-ը պետականացնելու գործով, միջազգային դատարանում հաղթեց Հայաստանի կառավարությանը:
Внимание՝ դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, արգելել է փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, արգելել է հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաներն ու խոչընդոտել ընկերության բնական գործունեությանը։
Եվ ուրեմն՝ ի՞նչ է լինում, եթե Նիկոլը все таки թքում է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման վրա։ Ասեմ՝ հեչ լավ բան չի լինում.
Հայաստանը, հպարտ և դուխով հարկատուների հաշվին (ցավոք՝ արանքում կտուժվեն նաև բոլոր ադեկվատները), կվճարի հարյուր միլիոնավոր դոլարի վնասի փոխհատուցում,
Հայաստանի պետական ակտիվները կբռնեն ու արտերկրում կսառեցնեն, իսկ մեր երկրի ներդրումային միջազգային հեղինակությունը տեղում կիջնի Ծերեթելու մայրուղու աշխատուժի միջազգային հեղինակության լևլին։
Ի դեպ՝ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման կատարումը ՊԱՐՏԱԴԻՐ է։
Ես չեմ կարծում, որ Նիկոլի շրջապատում բոլորն են անգրագետ և այս ենթադրելի ելքը չեն կանխատեսել։
Պարզապես, երբ Նիկոլի հետ շփման միակ «գործիքակազմը» մնում է վախն ու անպարագիծ քծնանքը, վերջում այ էսպես է լինում»։

***

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կարծում եք, թե Փաշինյանը չի՞ հաշվարկել Ստոկհոլմի Արբիտրաժի հնարավոր վճիռը: Հայրենակիցներ, որ ապրում եք սոցցանցային ոգևորություն, ես ձեր փոխարեն այդքան վստահ չէի լինի, թե Ստոկհոլմը նրա համար անակնկալ է:

Այս առիթով ուզում եմ ձեզ հիշեցնել, թե ՄԻԵԴ կամ ՄԱԿ միջազգային դատարանի քանի՞ վճիռ չի կատարել Իլհամ Ալիևը, որոնք վերաբերում էին Արցախին, արցախահայության հանդեպ հակամարդասիրական շրջափակմանը, Բաքվում պահվող գերիներին: Եղե՞լ են այդպիսի դեպքեր, երբ Ալիևը չի կատարել միջազգային դատարանների վճիռներ:

Կարծում եմ չեք հերքի, որ եղել են: Իսկ ի՞նչ է հիմա միջազգային դատարանի վճիռ չկատարելը: Մե՞ծ հոգս: Միջազգային դատարանների վճիռները ունեն ազդեցություն, եթե դրանք վայելում են այսպես ասած «լիբերալ-գլոբալիստական» Արեւմուտքը քաղաքական նպատակահարմարությունը: Կվայելի՞ այդ նպատակահարմարությունը ՀԷՑ-ի գործով կայացված վճիռը:

Մի փոքր կասկածում եմ:

Ադրբեջանի չկատարած վճիռներով, Նիկոլ Փաշինյանին անուղղակի, բայց տրվել է իր հերթին վճիռներ չկատարելու «քարտ-բլանշ»:

Ես իհարկե դա համարում եմ շատ վատ, որովհետև առաջին հերթին հարվածելու է Հայաստանի ներդրումային վարկին: Բայց, ինչպես այսօր ժամեր առաջ մի գրառում էի արել ֆեյսբուքյան հարթակում, Նիկոլ Փաշինյանին այդ ներդրումային վարկը ըստ էության չի հուզում: Նա ունի Հայաստանի տնտեսական կառուցվածքի վերաբերյալ իր պատկերացումը, որը բացարձակապես չի ենթադրում աշխատանք խոշոր ներդրողներ ներգրավելու ուղղությամբ»:

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի արկածախնդրության գինը. ՀՀ պետական ակտիվները կարող են սառեցվել։
Նիկոլ Փաշինյանի պես մի ամբարտավան հեղափոխականի թվում է, թե իր քմահաճույքները վեր են օրենքից:
Եթե նման ավտորիտար մտածողությունը երկրի ներսում «մարսվում» է, ապա կանխատեսելիորեն արժանանալու է միջազգային ինստիտուտների դիմադրությանը:
2025թ․ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը պարտավորեցրեց ՀՀ-ին դադարեցնել ՀԷՑ-ի նկատմամբ նոր օրենքների կիրառումը և բռնագրավման քայլերը։ Որոշումը պարտադիր կատարման ենթակա է։
ՀՀ կառավարության արձագանքը հղում է անում «պետական անվտանգությանը» և ազգային օրենսդրությանը, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից սա բավարար չէ։
Որոշման չկատարումը կարող է բերել․
Հարյուրավոր միլիոն դոլարի վնասի փոխհատուցման,
ՀՀ պետական ակտիվների սառեցման արտերկրում,
Ներդրումային միջավայրի լուրջ վնասման։
Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը ցույց է տալիս, որ միջազգային պայմանագրերի խախտման կամ դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի գինը կարող է չափազանց բարձր լինել։
ՀՀ-ի լավագույն տարբերակը բանակցային լուծում գտնելն է, քանի որ անտեսումը ոչ միայն կբերի ֆինանսական վնասների, այլև երկարաժամկետ կհարվածի երկրի ներդրումային միջավայրին ու արտաքին քաղաքական դիրքերին»։

***

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Մարդիկ, որոնք Ալիևի բանավոր հրահանգներով փորձում են ՀՀ սահմանադրությունը այլանդակել, մեկ էլ վնիզապնը հիշում են, որ ՀՀ օրենքները կարևոր են, երբ Շվեդիայում արբիտրաժային որոշում է կայացվում, որով պահանջվում է կասեցնել Նիկոլի ոտնձգությունները ՀԷՑ-ի հանդեպ։ (Մի պահ մոռանանք, որ այդ, այսպես կոչված, օրենքը, իրականում մի քանի օրում թխած և ակնհայտորեն հակասահմանադրական նիկոլական «ֆստյուլ» ա)։ Եվ կառավարության պաշտոնական էջով հրապարակված այս հայտարարությամբ փորձում են նիկոլական լսարանի մոտ տպավորություն ստեղծել, թե իբր չեն կատարելու արբիտրաժի որոշումը.

«Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»։
Իրականում արբիտրաժը «դա մի բան է», որի մեջ եթե մտել ես, արդեն համաձայնություն ես տվել ենթարկվելու արբիտրաժի որոշմանը անկախ այդ որոշման բովանդակությունից։ Եվ «բոլորը»՝ ու առաջին հերթին «ՀՀ կառավարություն» կոչվածը պարտավոր է ենթարկվել արբիտրաժի որոշմանը։
Այսինքն այստեղ ոչ թե հարգել-չհարգելու, ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more