▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանի կողմնակիցները փորձում են կոտրել Արցախի ներկայացուցչության դարպասները, վիրավորում են լրագրողներին

Սամվել Բաբայանի կողմնակիցները փորձում են կոտրել Արցախի ներկայացուցչության դարպասները, վիրավորում են լրագրողներին

***

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի ներկայացուցչության առջև լրագրողների ու լրատվամիջոցների հանդեպ ոչ կոռեկտ, անհարգալից, վայրենաբարո, լկտի ու հայհոյախառն պահվածքը, պիտակավորումն ու բացահայտ հարձակումը տեղում աշխատող մեր լրատվամիջոցների վրա մի փոքրիկ խմբակի հերթական ավանտյուրան է, որը, ըստ տարածված տեղեկությունների, հովանավորվում է Փաշինյանի արցախավաճառ խմբակի հետ բացահայտ ու մութ կապերի մեջ գտնվող Սամվել Բաբայանի կողմից:
Գիտեմ, որ լրագրողների վրա հարձակվելու այդ զզվելի տեսարանը չալաղաջ թեմա է նիկոլական պիղծ ագիտպրոպի համար՝ հերոսական արցախահայության հանդեպ հերթական արհեստական ատելությունը գեներացնելու, արցախահայությանը իբրև վայերանաբարո, բռի ու չոբան ներկայացնելու համար:
Թախանձագին խնդրանքս է՝ ոչ մի կերպ թույլ չտալ, ըստ տարածված տեղեկությունների, Սամվել Բաբայանի կողմից հովանավորվող այս փոքրիկ խմբի զզվելի, դատապարտելի գործողությունը վերագրել ողջ արցախահայությանը:
Խստորեն դատապարտում եմ լրատվամիջոցների ու լրագրողների հանդեպ նման պահվածքը: Չափներդ ճանաչե՛ք»:

***

«Երբ մեր իրավունքների համար դուրս ենք գալիս պայքարելու, իշխանական թևի ներկայացուցիչ չի լինում: Մենք եկել ենք մեր առաջնորդին հասկացնենք, որ եթե մենք դուրս ենք գալիս, ինքն էլ պետք է դուրս գա: Ուզի չուզի պետք է դուրս գա՝ մեզ տեր կանգնի»,- ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, դիմելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, ասաց ակցիայի մասնակից արցախցին:

***

Արցախի ներկայացուցչության դիմաց իրականացվող ակցիայի մասնակից, քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե երբ լրատվամիջոցները խառնվում են հավաքի, «հավաքի հերը անիծում են, որովհետև հիմնականում լրատվամիջոցները թալանչիների կողմից ֆինանսավորված լրատվամիջոցներ են, ուզում են պրովոկացիա անեն»: Տեսնելով «Հրապարակ» օրաթերթի խոսափողը՝ Օսիպյանը բարկացած ասաց. «Հլը մի հատ կորե՛ք ստեղից, որովհետև «Հրապարակ»-ը էն կեղտոտ լրատվականն ա, որը միայն կեղտ ա շպրտում»:

Օսիպյանը ավելացրեց, որ լրատվամիջոցների լուսաբանման կիրիքը չունեն:

***

Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ: Քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի խոսքով՝ արցախցիները բողոքում են իրենց սոցիալական հարցերը լուծելու համար. «Դրա ճանապարհը մենք տեսնում ենք Արցախից թալանած գումարների վերադարձի միջոցով: Մենք փաստաթղթերով գիտենք այդ թալանի ահռելի մի մասի մասին, որը ներկայացված է դատախազություն 1,5 տարի առաջ:

Սամվել Շահրամանյանին մեր պահանջը հետևյալն է. կամ դուրս արի և ասա, թե ոնց ես այս ժողովրդի հարցերը լուծում, կամ գնում ես դատախազություն և դատախազին բոլոր ժողովրդի կողմից ասա, որ թալանած փողերի դատաիրավական պրոցեսները արագացնեն, որպեսզի թալանածը վերադարձնեն ժողովրդին»:

Երբ լրագրողները հորդորեցին թալանածների անուններ հնչեցնել, Օսիպյանը բարկացավ և ասաց, որ ամեն ինչ հրապարակված է: Վեճ սկսվեց ակցիայի մասնակիցների և լրագրողների միջև, նա հայտարարեց, թե լրատվամիջոցները կոնտեքստից կտրված են տեղեկատվություն տալիս։

***

ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցների պահանջով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս և պատասխանեց մասնակիցների հարցերին: Այն հարցին, թե Արցախի նախագահը ի՞նչ է անում արցախցիների վատացող սոցիալական վիճակը բարելավելու համար, Շահրամանյանը պատասխանեց. «ՀՀ բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունը իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը: Մենք որևէ հնարավորություն՝ ազդելու այդ որոշումների վրա, մշակելու, հաստատելու չունենք: Մեր բոլոր հնարավորությունները մենք օգտագործել ենք՝ հասցնելու, որ ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և, դադարեցնելով այս 50 հազարականները, նաև հայտնվելու են փողոցում: Այդ նպատակով մենք նաև համագործակցում ենք Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի հետ: Սպասել մեզանից, որ մենք կկարողանանք ինչ-որ ձև ազդել և ՀՀ կառավարությունում ձևավորել որոշումներ, բացի հանրային ճնշումներից, ես չեմ տեսնում: Այո՛, մենք ունենք խնդիր՝ մեր ժողովրդի սոցիալական հարցերը լուծելու, բայց այդ հնարավորությունը չունենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more