hraparak.am-ը գրում է, Նոր Նորքի 2 զանգվածում՝ նախկին գյուղմթերքի շուկայի տարածքում, երկու տարուց ավելի է, ինչ ընթանում են շինարարական աշխատանքներ։ Շուկայի փոխարեն կառուցվում է նոր հիպերմարկետ, այդ տարածքը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Այս մասին հայտնեց շուկայի նախկին առևտրականներից մեկը։ Կառուցվող հիպերմարկետը գտնվում է Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթի» սուպերմարկետի հարեւանությամբ, ըստ որոշ տեղեկությունների՝ այն կոչվելու է «Երեւան» հիպերմարկետ: Տարածքում շինարարություն անողներից ոչ ոք չցանկացավ մեկնաբանություն տալ՝ ասելով, որ ոչնչից տեղյակ չեն: Թե երբ կսկսի գործել Սամվել Ալեքսանյանի հերթական հիպերմարկետը, շինարարները տեղյակ չէին, որեւէ ցուցանակ եւս փակցված չէր: Անցնող-դարձողներից շատերը արձանագրում են, որ սա հերթական տգեղ, անճոռնի կառույցն է մեր քաղաքում, այն չի համապատասխանում շրջակա միջավայրին: Ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի խոսքերով` եթե այդտեղ կառուցվում է մեծ հիպերմարկետ, ապա կառուցման ուրիշ լուծում չի կարող ունենալ, կառուցվում է այնպես, ինչպես բնորոշ է այդ տիպի կառույցներին։ Նրա խոսքերով` եթե կա ինչ-որ մեկն, ով գումարներ է ներդնում և դրանք պետբյուջետային գումարներ չեն, ապա դա նորմալ է, այլ հարց է, երբ դա արվում է պետբյուջի հաշվին։ Այդպիսի կառույցներն աշխարհում շատ են, իսկ մենք նոր ենք սկսել։«Միանշանակ չենք կարող ասել՝ շենքի արտաքին տեսքը գեղեցիկ է, թե ոչ, խանութները հիմնականում պարզ, հասարակ շինություններ են, որտեղ ավելորդություններ պետք է չլինեն։ Եթե նման կենտրոնների թիվը Երևանի համար մեծ է, ապա ընթացքը ցույց կտա, թե որն ինչքան կգոյատևի, հաճախ պատահում է, որ որևէ մեկը ֆունկցիան փոխում է»,- նշում է ճարտարապետը։ Հիշեցնենք, որ 2014 թ հունվարի 1-ից Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող գյուղմթերքի շուկայի (Մասիվի շուկա) նախկին առեւտրականները ստիպված աշխատել են շուկայի հարակից կիսակառույց շինությունում, որտեղ առեւտրին զուգահեռ շինարարական աշխատանքներ են տարվել։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում