▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ՖԱՖ-ի հերթական` ոչ ֆուտբոլային հայտարարությունն է... ՀՖՖ-ն պատասխանում է մեղադրանքներին

«ՖԱՖ-ի տրիբունա հասկացության չկա, ցանկացած երկրպագու կարող է ազատ տոմս ձեռք բերել»,-Asekose.am-ին զրույցում նշեց ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրյայելյանը` արձագանքելով ՖԱՖ կազմակերպության  տարածած հայտարարությանը:

ՖԱՖ-ի հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ ՀՖՖ-ն խոչընդոտում է ՖԱՖ-ին տոմսեր ձեռք բերել Հայաստան-Բելառուս խաղի համար.

«Արդեն 2-րդ օրն է, ինչ ՀՖՖ-ն տարբեր միջոցներով խոչընդոտում է մեզ ՖԱՖ-ի սեկցիայի տոմսեր ձեռք բերելու խնդրում»,-ասվում էր հայրատարության մեջ, ապա նաև մանրամասնում, թե ինչ ձևով են տեղի ունենում բուն խոչընդոտումները:

«Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերը վաճառքի դուրս գալու պահից մինչ օրս ամբողջ մարզադաշտով մեկ եղել է ընդամենը մի քանի տասնյակ տոմսերի վաճառք/կարելի է ստուգել տոմսարկղում, իսկ հարավային տրիբունայում՝ ՖԱՖ-ի սեկցիայում, արհեստականորեն իրարից հեռու-հեռու «վաճառված», ավելի տեղին է ասել՝ «հանված են» մի քանի հարյուր տոմս»:

Այս մեղադրանքի վերաբերյալ Տիգրան Իսրայելյանը նշեց.

«Ժամանակին ՀՖՖ նախագահն հարավային տրիբունայի հարյուրավոր տոմսերը նվիրել է իրենց, երևի այդ պատճառով էլ իրենց թվացել է, թե դա իրենց տեղերն են ու պետք է միշտ այդտեղ նստեն: Այդպիսի խնդիր չի  կարող լինել: Մեր տոմսերն ազատ վաճառքի մեջ են: Նման հասկացություն չկա, որ  ինչ-որ տրիբունա լինի որևէ մեկինը` կոնկրետ խմբակի կամ խմբավորման: Տոմսերն էլ ժամանակին նվիրել ենք, հիմա պետք է ձեռք բերեն: Հարավային տրիբունան այնպես չէ, որ ամրագրված է  ՖԱՖ-ի համար, բոլոր մարդիկ էլ կարող են գնալ և տոմս ձեռք բերել»:

Տիգրան Իսրայելյանը նաև անդրադարձավ հայտարարության մեջ նշված  մյուս մեղադրանքին, ըստ որի` տոմսարկղի վաճառողուհին չի կարողացել տոմս վաճատել` պատճառաբանելով, որ բոլոր տրիբունաների տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգը խափանվել է, իսկ կարճ ժամանակ անց էլ հայտարարել է, որ հնարավոր է տոմս գնել, բացի հարավային տրիբունայից:

«Եթե դա  ռեալ որևէ բան լիներ` մեզ տեղեկացրած կլինեին և այդ մասին կիմանայինք: Սա ՖԱՖ-ի հերթական` ոչ  ֆուտբոլային հայտարարությունն է: Ճիշտն ասած` այս օրերին ՀՖՖ-ն շատ ավելի կարևոր բաներ ունի զբաղվելու, քան ՖԱՖ-ի հայտարարությանն արձագանքելը: Պաշտոնական հայտարարությամբ հանդես չենք գալու»,-իր խոսքը եզրափակեց Տիգրան Իսրայելյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more