Հունվարի 22-ին թուրքական մի շարք լրատվամիջոներում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե թուրքական զինուժը սիրիական սահմանին ևս մեկ ռուսական ինքնաթիռ է խոցել: Լուրը լայնորեն տարածեցին մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցներ, ակտիվորեն այն լուսաբանվեց հատկապես իշխանամետ մամուլի ներկայացուցիչների՝ «Milliyet», «Yeni Şafak», «Habertürk», «Yeni Akit» թերթերի կողմից: Հայտարարվում էր, թե տեղեկություն է ստացվել այն մասին, որ Թուրքիայի Ջիլվեգյոզու սահմանային անցակետին հարակից սիրիական Իդլիբ նահանգի տարածքում ռուսական ինքնաթիռ է խոցվել: «Yeni Akit» թերթի կայքը նույնիսկ տեսագրություն հրապարակեց, որտեղ ենթադրաբար պատկերված էր ռուսական ինքնաթիռի խոցումն ու անկումը: «Milliyet» թերթի կայքում տեղ գտավ հետևյալ մեկնաբանությունը. «Al Jazeera»-ի պակիստանյան թղթակից Ահմեթ Զեյդանն էլ տեղեկացնում է, որ ռուսական ինքնաթիռը թուրքական զինուժի կողմից խոցվել է այն բանից հետո, երբ ռմբակոծել է Թուրքիայի մի սահմանամերձ շրջան»: Թեմային անդրադարձած «Yeni Şafak» թերթն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Մոսկվան և Անկարան ինքնաթիռի խոցման լուրի հետ կապված որևէ հաստատող կամ հերքող հայտարարություն դեռ չեն կատարել: Իսկ «Habertürk» լրատվական ծառայությունը հայտարարեց, թե թուրքական պաշտոնական զինվորական աղբյուրները հերքել են այդ լուրը. «Մենք նման տեղեկություն չենք ստացել: Եթե նույնիսկ որևէ ինքնաթիռ խոցվել է, ապա Թուրքիան դրա հետ որևէ կապ չունի»: Ժամեր անց «Milliyet»-ը նաև տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հերքել է ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման մասին տեղեկությունները: «Այդ լուրը միանշանակ սուտ է: Սիրիայում ահաբեկչական ենթակառույցների ոչնչացման նպատակով գործող մեր բոլոր ինքնաթիռները առանց որևէ խնդրի վերադարձել են բազա»,- հայտարարել էր Կոնաշենկովը:
Աղբյուր` Ermenihaber