Ֆրանսիայի հյուսիսում հայերի միության նախագահ
Որտեղի՞ց են սկսվում մեր անհաջողությունները, ո՞րն է մեր հավերժ անկումների, կորուստների, թուլանալու պատճառը:
Մի քանի օր է ինչ ավարտվեց Հայաստան-Սփյուռք համաժողովը, և մենք աշխարհի բոլոր ծայրերից եկանք մի ոտաչափ մնացած մեր հայրենիքում ինքնագոհ կանգնեցինք ու իրար հերթ չտալով հայտարարեցինք, որ մենք աշխարհի ամենախելացի ազգն ենք, որ մենք աշխարհի ամենահին ազգն ենք, որ այս կամ այն գյուտն աշխարհում հայն է ստեղծել, որ հայն առաջին քրիստոնյան է, որ Երևանը Հռոմից հին է, և այսպես շարունակ:
Մի անգամ ևս ազգովի կանգնեցինք մեր պատմության ու բախտի պարզկա լճի դեմ ու խորությանը նայելու փոխարեն, մեկ անգամ ևս հիացանք մեր արտացոլանքով, հիացանք հայտնի լեգենդի պես «նարցիսացանք, սիրահարվեցինք մեզ՝ ռոմանտիկան գերադասելով ռեալիզմից»: (Մենք աշխարհի ամենախելացի ազգն ենք), սա բացարձակ ռոմանտիկա է:
Դարերով մեր ունեցածը կորցնելով, հասանք 21-րդ դար, սա ռեալիզմ է, երբ օրեցօր դատարկելով Հայաստանը գնում ենք աշխարհի օրեցօր զարգացող ու հզորացող երկրներում բախտ որոնելու, այն ազգերի երկրներում, որոնք, երբ մենք կայինք նրանք ծառերի վրա էին կամ գոյություն չունեին, գնում ենք կայանալու այն ազգերի երկրներում, «ովքեր պարտական են հայի հանճարին», գնում ենք ինքնախաբեության հույսով, որ այդ երկրները կայացել են հայի այս կամ այն գյուտի շնորհիվ: Սա ծիծաղելի ռոմանտիկա է:
Մինչ մենք հիացմունքով կծափահարեինք այս կամ այն պետությանը, որը կարտասաներ կամ կճանաչեր հայերի ցեղասպանությունը, որից նորից բավականացած կընկնեինք ռոմանտիկայի գիրկը, դարերով պետություն չունեցող քրդերը հենց մեր հողի վրա, մեր պատմական հայրենիքում, շուտով կստեղծեն մի նոր պետություն, վերջնականապես վերջակետ դնելով մեր անիմաստ, երազկոտ հույսերին, նաև կասկածի տակ դնելով մեր ունեցած այս փոքր պետության գոյությունը, որն օրեցօր դատարկվում է:
Մեզ աշխարհացունց հանճարներ պետք չեն, մեզ պետք է պարզ տրամաբանություն՝ արթնացում այս ազգակործան ինքնասիրահարված ռոմանտիկայից, և ռեալ գիտակցում, որ ժամանակակից աշխարհում մենք հայրենիքներով չենք կարող ապրել, մեզ ամենօրյա աշխատանքով ու պայքարով ստեղծված պետություն է պետք, մեզ ռոմանտիկա պետք չէ, այլ ռեալիզմ:
Կարդացեք նաև՝ Մենք միայն բռնաբարվա՞ծ ու ցեղասպանվա՞ծ ենք. Արթուր Ավետյան