ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ստացել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։
Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ եւ ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն վերաքննիչ քրեական դատարան։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին տեւական դադարից հետո կայացել էր Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում նրա պաշտպանները երեք միջնորդություն էին ներկայացրել՝ կորոնավիրուսի հիմքով Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու, խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ:
Երրորդ միջնորդությամբ էլ նրա համար երաշխավորել էին Արցախի եւ Հայաստանի նախկին 4 վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Անուշավան Դանիելյանը: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը որոշել էր Քոչարյանին ազատ չարձակել՝ այդպիսով մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունները: