▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը Կարեն Կարապետյանին

 

 

Րաֆֆի Հովհաննիսյանը վճռական է տրամադրված 2018 թվականին Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնից հեռու պահելու հարցում։

 «Ինքը պետք է չլինի Հայաստանի նոր վարչապետը կամ գենսեկը հանուն ՀՀ-ի։ Եվ եթե ինքը փորձեց, ես և Ժառանգությունը կլինենք մարդկանց կողքին, որ կանխենք սերժապետությունը»։

Ժառանգության առաջնորդը նշում է քաղաքական այն ուժերի ու դաշնակիցների շրջանակը, որոնց հետ կհասնի այդ նպատակին։

«Եթե գեներալ Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ծառուկյանը, Դաշնակցությունը,  ՀՀԿ-ի որոշ անդամներ, և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ ուզենան նոր վիճակ ստեղծել մինչև ապրիլ, որ մեր երկիրը լինի Հանրապետություն, ոչ թե Սերժապետություն, մենք պատրաստ ենք»։

Արդյո՞ք նրա համար ընդունելի է Կարեն Կարապետյանը որպես վարչապետ. «Քանի դեռ ինքը Սերժ Սարգսյանի դրածոն է, ոչ»։

Իսկ իր ու հանրության աչքին ընդունելի դառնալու համար, Կարեն Կարապետյանը պետք է մի քանի բան անի։ Նախ, պետք է խոստովանի՝ արդյո՞ք ինքը բիզնես շահեր ունի Հայաստանում, օրինակ՝ Գազպրոմի կամ Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցի տեսքով։

 «Դրան վրադիր, եթե ժամը զարգանա, և ասի, որ ես պայքարելու եմ կուսակցապետության դեմ, և ես ընդունում եմ, որ ես վարչապետ եմ կուսակցության մեջ, որն անցել է կեղծիքներով, կարծում եմ Կարեն Կարապետյանը գեղեցիկ, թարմ շունչ ներկայացնող, աշխարհին ընկալելի հայ ժողովրդի ներկայացուցիչ կլինի»։

Րաֆֆի Հովհաննիսյանը պնդեց՝ 2013-ին նախագահական ընտրությունից հետո, ինչ-որ մարդիկ այցելել են իր տուն ու գումար առաջարկել քվեարկության արդյունքը լեգիտիմ ճանաչելու համար։ Ի պատասխան, ինքը երկրորդ փուլ է պահանջել. «Այդտեղ արդեն պատասխան եղավ, որ ԿԸՀ-ն արդեն ամեն ինչ կնքել է, ոնց կարող ենք երկրորդ փուլ անցկացնել»։

 «Ժառանգությունը» չի անհետացել, և ոչ էլ կազմաքանդվել է, պարզապես քաղաքական ուժը էտման փուլ է ապրում։ Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանի հեռանալը կուսակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանը թեթև չի տանում։ «Ափսոսում եմ որ գնացին, բայց անհրաժեշտ էր, որ գնային։ Իրենց էր անհրաժեշտ և մեզ, որովհետև Ժառանգությունը և իրենք նույն պայքարի մեջ են»։

Նա լավ կարծիքի է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մասին, անգամ ոստիկանապետ կարող էր լինել, բայց էլի խանգարում է Սերժ Սարգսյանը։ «Իր նման նվիրյալ ոստիկանին փչացնում է Սերժ Սարգսյանը։ Քանի օր ու շաբաթ Սասնա ծռերի տղաներն ու Վալերի Օսիպյանը միասին հաց էին ուտում, միասին քննարկում էին։ Ինձ տանջում ու հույս է տալիս այդ խոսակցությունը, որի մասին ես ոչինչ չգիտեմ»։

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանրությանը ներկայացրեց կուսակցության նոր խոսնակին՝ Գևորգ Ղահրամանյանին, և միջազգային հարցերով քարտուղար Անդրանիկ Գրիգորյանին։ Ի դեպ, այս օրը հոբելյանական է ոչ միայն Սերժ Սարգսյանի համար, լրացավ նրա 63-ամյակը։ Ուղիղ 32 տարի առաջ այս օրն են ամուսնացել Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմենուհի Հովհաննիսյանը։

Տեսանյութը՝  Yerevan.Today

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more