Թուրքիայի տարբեր նահանգների ոստիկանական բաժանմունքներն ու անվտանգության ծառայությունների վրա զինված հարձակումներ են տեղի ունեցել:Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավորի շտաբի տարածած հայտարարության համաձայն՝ Վանի Բաշքալե շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ մի խումբ զինյալներ հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա:
Զինված հարձակումներ են տեղի ունեցել նաև Բիթլիս նահանգի Մութքի և Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանների ոստիկանական տեղամասերի, ինչպես նաև՝ Հաքքարի- Չուքուրջա մայրուղու վնասված տեղամասում վերանորոգման աշխատանքներ իրականացնողների և նրանց ուղեկցող անվտանգության ուժերի վրա: Բոլոր դեպքերում էլ անվտանգության ուժերի կողմից զինյալներին համարժեք պատասխան է տրվել: Բախման արդյունքում զոհեր և վիրավորներ չկան:
Իսկ Դիարբեքիրի Սիլվան շրջանի անվտանգության վարչության շենքի վրա ինքնաշեն նռնակ է նետվել, ինչի հետևանքով կառույցը վնասվել է, փողոցով անցնող երկու կին՝ վիրավորվել: Անվտանգության ուժերը տարածքում աշխատանքներ են իրականացնում պայթյունի հեղինակներին գտնելու ուղղությամբ:
Աղբյուր` Ermenihaber