2016 թվականի ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը կազմակերպել է հանդիպում` «Վերանայել քաղաքը`միասին ավելի լավ ապրելու համար» խորագրով: Տարբեր գերատեսչությունների, պետական կառավարման մարմինների թվում հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ներկայացուցիչները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանը նման հանդիպման նախաձեռնության համար և նշել, որ, լինելով Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի ադամ, Երևանը կաևորում է ֆրանսիական քաղաքների ու կազմակերպությունների հետ համագործակցությանը: Քննարկմանը ներկայացվել են Երևանի և այլ քաղաքների, այդ թվում և ֆրանսիական, համագործակցության բազմաթիվ օրինակներ և ծրագրեր, որոնք ուղղված են միջազգային փորձի ուսումնասիրմանը և կիրառմանը:
Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը միաժամանակ նշել է, որ քաղաքային տնտեսության բնագավառում Երևանի, հատկապես բակային ծրագրերի, մասնավոր–պետական համագործակցության ծրագրերի իրականացման մոդելների, քաղաքի անվտանգության ապահովման և այլ ուղղությունների փորձը նույնպես բազմաթիվ քաղաքների համար օրինակելի և կիրառելի կարող է լինել: Հատկանշվել են Երևանի ձեռքբերումները` էլեկտրոնային կառավարման բնագավառում: Մասնավորապես, Էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով Երևանը լավագույն քաղաքների հնգյակում է, իսկ էլեկտրոնային կառավարման մատչելիության կամ օգտագործման հարմարավետության չափորոշիչով Հայաստանի մայրաքաղաքի պաշտոնական կայքը աշխարհի 100 խոշոր քաղաքների շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը:
Այս մասին փաստել է նախորդ տարեվերջին հրապարակված «Քաղաքների էլեկտրոնային կառավարում» 2013-2014 թվականների ուսումնասիրությունը, որը 2003 թվականից ի վեր իրականացվում է ԱՄՆ-ի հեղինակավոր Ռութգերս համալսարանի հանրային հարաբերությունների և վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից: Դավիթ Գևորգյանը նաև կարևորել է գործընկեր քաղաքների և կազմակերպությունների հետ ապակենտրոնացված համագործակցությունը, որի նպատակը քաղաքային տնտեսությանն առնչվող ավելի նեղ մասնագիտական թեմաներով ծրագրերի իրականացումն է։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն