Թարմացված. ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ՔԿ պաշտոնյա է ձերբակալվել։ «Իրավապահ մարմինների մեր աղբյուրները հայտնում են, որ այս պահին ձերբակալված է գլխավոր վարչության 5-րդ վարչության պետը, որն այժմ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում»,- գրում է «Փաստինֆո»-ն։
***
Նախորդ գիշեր աննախադեպ գողություն է արձանագրվել ՔԿ-ում։ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է Դեղատան փողոցում, հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար։
Չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում։ Լրատվամիջոցին հասած տեղեկություններով՝ չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օպերատիվ մարմինները կենտրոնացրել են իրենց ուժերը գողացվածը հնարավորինս արագ հայտնաբերելու համար։ ՀԿԿ-ում հարուցվել է վարույթ։ Կայքը դիմել է ՔԿ և ՀԿԿ՝ դեպքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու, տեղեկությունը ճշտելու համար, բայց պատասխան դեռևս չի ստացվել։
Դատախազությունից խոստացել են տեղեկությունը ճշտել։