Այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին «Վերնիսաժի» տարածքի վարձակալի հետ քննարկել այդ հատվածի վերակառուցման ծրագիրը՝ հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնելով բարեկարգման և արդիականացման նախագիծ:
««Վերնիսաժը» Երևանի այն հատվածներից է, որը բազմաթիվ զբոսաշրջիկների հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մեր քաղաքի մասին: Եվ այստեղ պետք են այնպիսի լուծումներ, որոնք տվյալ տարածքը կդարձնեն իսկապես ներկայանալի: Ընդ որում, վարձակալը ևս համամիտ է, որ տարածքում լուրջ լուծումներ տալու խնդիր կա, հետևաբար, համատեղ աշխատեք և կարճ ժամանակում ներկայացրեք համապատասխան նախագիծ, ինչու չէ, նաև ստեղծեք աշխատանքային խումբ՝ այդ գործընթացում ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին»,- ընդգծել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն