▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական կոմպոնենտ կա՞ տեղեկատվության հեռացման պահանջի նոր իրավական գործիքում

Քաղաքական կոմպոնենտ կա՞ տեղեկատվության հեռացման պահանջի նոր իրավական գործիքում և  ի՞նչ հետևանքներ կունենա այն ԶԼՄ-ների համար

ՄեդիաԿենտրոնում հրավիրված քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

***

«Զանգվածային լրատվության մասին» եւ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ Արդարադատության նախարարությունն առաջարկում է համացանցից հեռացնել վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները։

Հիմնավորում են, թե այս կարգավորմամբ կպաշտպանեն անձնական կյանքը, մարդու պատիվն ու բարի համբավը: Առաջարկի հիմքում ընկած է 2 առանցքային փոփոխություն՝ տեղեկատվության հեռացման իրավունքի ներդրումը եւ այդ իրավունքի կիրառումը լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի օգտատիրոջ էջում հրապարակված առանձին միավոր (ոչ մեկնաբանություն) հանդիսացող գրառման դեպքում։
Ըստ Արդարադատության նախարարության՝ օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն ամրապնդել քաղաքացիների իրավունքները վիրավորանքի և զրպարտության դեմ, հատկապես՝ թվային հարթակներում: «Նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՍԴ-ի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներով. ՍԴ-ն երկու մասով է առանձնացրել նորմերի սահմանադրականության խնդիրը: Առաջինն այն է, որ զրպարտության դեպքում իրավական պաշտպանության միջոցների շարքում հերքման եւ պատասխանի պահանջ ներկայացնելու անձի իրավունքը պայմանավորվում է նրանով, որ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը կամ փաստական տվյալը հրապարակվել է լրատվական գործունեություն իրականացնող անձի կողմից տարածած տեղեկատվության մեջ, այսինքն` այն մասով, որ լրատվական գործունեություն չիրականացնողի կողմից տարածված զրպարտություն պարունակող տեղեկատվության դեպքում հերքման, ինչպես նաեւ պատասխանի պահանջ ներկայացնելու իրավական հնարավորությունն առկա չէ, այդ մասով նորմերի բացակայությունը, թերի իրավակարգավորումները դիտարկվել են Սահմանադրությանը հակասող:

Մասնավորապես խոսքը Սահմանադրության 37-րդ հոդվածի մասին է, որն ի թիվս այլնի՝ սահմանում է նաեւ պատվի, բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը: Սա առաջին կոմպոնենտն է եւ երկրորդ մասն այն է, որ հեռացման պահանջի իրավունք օրենսդրությամբ նախատեսված չէ, այսինքն՝ հերքման եւ պատասխանի պահանջ ներկայացնելու իրավական հնարավորությունները թեեւ նախատեսված են, բայց ՍԴ-ի կողմից բավարար չեն համարվում անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը պաշտպանելու տեսանկյունից: Հեռացման իրավունքը շատ դեպքերում ավելի արդյունավետ է, քան պատասխանի պահանջը»,- Մեդիա կենտրոնում կայացած «Տեղեկատվության հեռացման պահանջ․ նոր իրավական գործիքն ի՞նչ հետևանքներ կունենա լրատվամիջոցների համար» թեմայով քննարկման ժամանակ փոփոխության անհրաժեշտությունն այսպես ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարության Իրավական ապահովման վարչության պետ Մարգարիտա Զալիբեկյանը: «ՍԴ-ն իր որոշման մեջ հստակ արձանագրել է, որ այստեղ առկա են իրավական խնդիրներ, որոնք սահմանադրական հարցեր են առաջացնում: Իհարկե, շատ կարեւոր է, որ այդ ինստիտուտները վիրավորանք եւ զրպարտություն ինստիտուտների մեջ ներդրվելով՝ կարողանան պաշտպանության ենթակա լինել նաեւ համացանցում առկա լրատվամիջոցների հրապարակումների եւ դրանց մեկնաբանությունների մասով: Նոր ինստիտուտի շրջանակում անձինք կարող են պահանջել հեռացնել վիրավորանք պարունակող հրապարակումներր, դրանց մեկնաբանությունները: Դա իրավական մեխանիզմն է, որը շատ ողջունելի է»,-ասաց փաստաբան Դավիթ Ասատրյանը: Միաժամանակ ընդգծեց, որ կան որոշակի մտահոգություններ եւ հարցեր, որոնք կարող են ավելի բարելավել նշյալ նախագիծը: Նա նաեւ մի օրինակ բերեց. «ԶԼՄ-ների օրենքի շրջանակներում ինստիտուտը միայն հերքումն է, այսինքն` պահանջել հերքելը, ըստ նախագծի՝ հեռացնել կամ հրապարակել պատասխանը, բայց վիրավորանքի դեպում չկա ներողություն խնդրելու արտադատական պահանջ: Հարց է առաջանում՝ արտադատական կարգով կարո՞ղ ենք այս նախագծում մեխանիզմներ մշակել, որ վիրավորանքի դեպքում էլ անձինք դատարան չդիմեն, այլ ԶԼՄ-ների մասին օրենքի շրջանակում դիմեն լրատվամիջոցին, ԶԼՄ-ն հնարավորություն ունենա ներողություն խնդրել, որպեսզի վեճը չհասնի դատարան»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more