Այս տարի մայիսի 21-ին, ժամը 18:00-ից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝ միջոցառումների հատուկ ծրագրով: Թանգարանների եվրոպական գիշերվա շրջանակում Երևանի քաղաքապետարանի՝ «Էրեբունի», «Երևանի պատմության», «Ժամանակակից արվեստի» և «Կարեն Դեմիրճյան» թանգարանները հանդես կգան համատեղ միջոցառումների ծրագրով՝ «Երևանի քաղաքապետարանի թանգարանները Էրեբունու մշակութային լանդշաֆտում» խորագրի ներքո: Մինչև կեսգիշեր արգելոց-թանգարանը կընդունի հազարավոր այցելուների, ովքեր բացի մշտական ցուցադրությունը դիտելուց և միջնաբերդ այցելելուց, թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կարող են ծանոթանալ Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից ներկայացված գեղանկարների ցուցահանդեսին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Թանգարանին կից բացօթյա սրահում կներկայացվի Հին ու նոր Երևանի լուսանկարների ցուցահանդես՝ Երևանի պատմության թանգարանի հավաքածուից:
Թանգարանի հարակից բացօթյա սրահում գիշերվա այցելուները կարող են դիտել ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ֆիլմ՝ Կ. Դեմիրճյանի թանգարանի հավաքածուից: Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում կավարտվի կեսգիշերին՝ Էրեբունի միջնաբերդում զբոսնելով և վայելելով մայրաքաղաքի համայնապատկերն ու մշակութային լանդշաֆտը:
«Այս օրը այցելուների թիվը մեծանում է, և մեզ մոտ ցուցադրությունն այնպես է կազմակերպված, որ տարածքներն ավելի ազատ են, ինչ վերաբերում է բլուրին, ապա տարիքային խնդիրներ կան՝ կապված բարձրանալ-իջնելու հետ: Սահմանափակում կա հնավայր այցելելու դեպքում: Այնտեղ 30 հոգուց ավել մարդ չի կարող լինել, քանի որ հնագիտական շերտերը կարող են վնասվել, հետևաբար, քաղաքացիների շարժը կազմակերպելու համար ՀՀ ոստիկանությունը մեզ լրացուցիչ ուժ է տրամադրում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
Նրա խոսքով՝ վերջին 5 տարվա մեջ հեշտացել է ՀՀ բնակիչների հետ աշխատելը.
«Եթե այն ժամանակ վազում, թռնում էին պատերին, այժմ նման բան չկա, ավելի շատ տիրություն են անում, արդեն նախանձախնդիր վերաբերմունք ունեն»,-նկատեց Գագիկ Գյուրջյանը:
Նշենք, որ «Թանգարանների եվրոպական գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ: 2016թ. կարգախոսն է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»:
Անի Կարապետյան