Սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան ապամոնտաժելու աշխատանքները, իսկ կառույցը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկ ընդգրելու համար Կառավարությանը 2 տարի առաջ նամակով դիմած ճարտարապետները դեռ պատասխան չեն ստացել: Նրանք պնդում են՝ պետք է քննարկումներ լինեն՝ պահպանման ուղիներ գտնելու համար.
«Եթե ամեն ինչ քանդենք, մի գեղեցիկ օր կպարզվի, որ պատմության այդ շերտի մեջ մենք ընդհանրապես ներդրում չենք ունեցել, այն դեպքում, որ մեր հարևան պետությունները նույն ժամանակահատվածում ստեղծած իրենց կառույցներն արդիականացնում, շահագործում և մեծ օգուտներ են ստանում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ հիշեց.
«Վիեննայում մոտ 2 տարի առաջ Կոնգրես էր՝ նվիրված սովետական շրջանի ճարտարապետական նվաճումների գնահատման խնդիրներին: Մասնակցում էր նաև Հայաստանը, որի ներկայացված նյութերը մեծ հնչեղություն ստացան: Ավարտին ներկաները ՀՀ կառավարությանն ուղղված ուղերձով հանդես եկան, որպեսզի ճարտարապետական կառույցները պահպանեն և հսկողության ներքո պահեն:
Կառավարությունը շնորհակալություն հայտնեց՝ պատասխանելով, թե կպահպանվեն, ավելին՝ դրանք գտնվում են պետության հսկողության ներքո: Ահա, թե ինչպես է պահպանվում: Օդանավակայանը մեր պետության սեփականությունն է, և անժամկետ վարձակալության է տրվել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին՝ պայմանով, որ նա բարվոք վիճակում պահի շենքը: Սակայն, տարիների ընթացքում, նա նոր մասնաշենք կառուցեց՝ հրաժարվելով հնից: Վերջինն էլ մնաց լքյալ վիճակում: Արդյունքում ոչ պետությունը, ոչ էլ նա գումար չեն հատկացրել հին շենքին և քանդման որոշում են կայացրել, բայց, քանի որ ճարտարապետները բողոքի ձայն բարձրացրեցին, այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկեց ևս մեկ անգամ քննարկել հարցը: Հանդիպեցինք, երկար ժամանակ բացատրեցինք կոնցեսիոների ներկայացուցչին, թե այս շենքն ի՞նչ արժեք է ներկայացնում: Լուռ լսում էին, հետո թե՝ կարծում եք մենք չգիտե՞նք, որ արժեք է: Քարացել էինք: Նրանց ուզածը շենքը քանդելն ու ևս 2 օդանավի կայանման հարթակ ստեղծելն է»:
«Երեկ կարդում եմ՝ ԱՄՆ դեսպանն այցելել է Գյումրի ու ասել՝ ինչ լավ հուշարձաններ ունեք: Հիմա տեսեք, թե ինչ շարժ է լինելու, նույնիսկ գումար կհատկացնեն, որ հուշարձանը վերականգնվի: Հիմա ի՞նչ, ամեն անգամ գնանք ու որևէ դեսպանի խնդրենք, որ այցելի՞: Ամոթ չէ՞»,-նկատեց Մկրտիչ Մինասյանը:
Սաշուր Քալաշյանն էլ հավելեց. «Կռիվ է գնում մեր և կոնցեսիոների միջև, Կառավարությունը կողքի է կանգնել իր բոլոր օղակներով, ավելին՝ ամեն ինչով նպաստում է, որ նրանց ուզածը կատարվի»:
Անի Կարապետյան