▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի՞ հոգու են զինաթափել, քանի՞ թայֆա են զսպել ու ցրել քրեական ոստիկանները․․․

Դիտեք նաև՝

 

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սարսափելի լուրով սկսվեց առավոտը։ Գիշերը իր տան բակում սպանել են Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանին և ընկերոջը։ Ցավակցում եմ հարազատներին, մերձավորներին։
Եթե ոստիկանության օր օրի աճող ռեսուրսները դրված չլինեին իշխանության պաշտպանությանը, եթե յոթերորդ վարչությունն ընդդիմադիրների կիպիծիլնիկների մեջ ժուչոկ դնելու փոխարեն զբաղվեր իր իրական գործով ու երկու հոգու գյուլլելու մտադրությունների մասին ձայնագրությունները ոչ թե մոնտաժվեին, այլ իրականում բացահայտվեին, այս դժբախտ առավոտը գուցե և չլիներ։
Այս տարվա փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանությունից հետո, երբ պարզ դարձավ, որ այդ համայնքում խնդիր կա, լիքը զենք կա ու այն կիրառելու պատրաստ լիքը մարդ` քանի՞ հոգու են զինաթափել, քանի՞ մարդու են հետևել ու գաղտնալսել, քանի՞ թայֆա են զսպել ու ցրել քրեական ոստիկանները։
Գլխակեր բարքերով ապրող էս երկրում այդպես անողոքաբար մտնել ու քաղաքականապես խառնել մեղվաբունը, իսկ հետո բանսարկուի չքմեղությամբ ծլկել արանքից ի՞նչ է, եթե ոչ մեղսակցություն` առնվազն քաղաքական մեղսակցություն»։

***

«Վաղ է լիարժեք որակում տալը, սակայն մեր զգացությունն այն է, որ սա ահաբեկչական գործողություն է, ոչ թե պարզապես սպանություն»,- Փարաքար համայնքի սպանված ղեկավար Վալոդյա Գրիգորյանի տան դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ նման ենթադրությունն արվում է՝ ելնելով, թե ինչպես են սպանել Գրիգորյանին՝ դիմակավորված, զինված ու նախապես պատրաստված․ «Սառնասիրտ դաժանությամբ, վերահսկող կրակոցով է սպանվել Վալոդյա Գրիգորյանը. ակնհայտ է, որ սա կազմակերպված գործողություն է, որի հետևում կան հովանավորներ, ովքեր համոզված են իրենց անպատժելության մեջ»,- ասաց Չալաբյանը՝ նշելով, որ սա քաղաքական սպանություն է, որն ունի հովանավորներ:

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ իշխանությունն իրական հանցագործությունների ծրագրերը բացահայտելու փոխարեն զբաղված է ձայնագրություններ կտրել կպցնելով, 18 տարեկան քաղաքացու կալանավորելով, Վեհարան մտնելով, բարերարից վրեժ լուծելով, արդյունքը սա:
Ու սա պարզ բացթողում չէ, սա փաստացի հանցակցություն է երկրում տեղի ունեցող հանցագործություններին»:

***

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության իրական բացահայտումը կարող է անել և պարտավոր է անել առաջին հերթին ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
Բացի այն, որ Ֆիդանյանը ոստիկանության համակարգում մնացած քիչ նորմալ մարդկանցից է, նա նաև Վալոդյայի մոտ ազգականն է ու լավ գիտի, թե ովքեր ինչպիսի խնդիրներ ունեին և ունեն Վալոդյայի հետ։
ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի շնորհիվ մարտի 30-ի ընտրությունների ժամանակ ոստիկանները համատարած ապօրինությունների չդիմեցին։
Հիմա քանի որ առերևույթ ակնհայտ է Վալոդյա Գրիգորյանի սպանության քաղաքական խորքը, Արա Ֆիդանյանի համար նաև պատվի հարց է բացահայտել իրական կատարողներին ու պատվիրատուներին, հակառակ դեպքում եթե հերթական կոծկումը լինի, Ֆիդանյանն ուղղակի կհեռանա համակարգից։
Եթե Ֆիդանյանը հանկարծ հրաժարական տա, ապա միանշանակ է, որ Փարաքարի համայնքապետի սպանության պատվիրատուների քողարկում է եղել իշխանության կողմից։ Իսկ ես այլ բան չեմ սպասում, որ ՔՊ-ն իր շներին թևի տակ կառնի վրեժի կամ այլ բանի անվան տակ»։

***

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեփական տան բակում Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ոստիկան ընկերոջ սպանությունը իրապես ծանր մարդկային կորուստներ են։
Մեր երկրում, ցավոք, նոր թափ է ստանում բռնությամբ հարցեր լուծելու արատավոր երևույթը։
Հաշվի առնելով հրապարակումները այդ համայնքում տեղի ունեցող արատավոր զարգացումների վերաբերյալ՝ իրավապահ մարմինները պարտավոր էին դրանք պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ այսպիսի ողբերգական վերջաբանը կանխելու համար։ Սա իշխանության պատասխանատվությունն է:
Առավել վտանգավոր է, որ դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի տան մոտ ու գիշերը, երբ ենթադրվում է, որ տանն են լինելու բոլորը, այդ թվում՝ երեխաները։
Քրեական հետապնդման մարմինները պարտավոր են ապահովել բազմակողմանի ու օբյեկտիվ, բայց հանրության համար հաշվետու քննություն և հնարավոր առավելագույն հանրային թափանցիկություն։
Սա հատկապես կարևոր է հաշվի առնելով նախորդ դեպքերը, երբ չի ապահովվել պատշաճ հանրային թափանցիկություն ու անգամ իշխանութան հովանավորությամբ հանրությունից թաքցվել են քրեական վարույթի, այդ թվում՝ բռնությամբ ուղեկցվող հանցանքների քննության ընթացքը և արդյունքները: Նման ցանկացած դրսևորում նշանակելու է, որ դա իշխանությունը հատուկ է անում:
Հանրային հաշվետվությունը հատկապես անհրաժեշտ է հաշվի առնելով այն, որ տեղական ընտրություններում իշխանության նկատմամբ հաղթանակ տարած Վոլոդյա Գրիգորյանն իշխանության մաս չէր կազմում, և պատշաճ հանրային հաշվետվողականության բացակայությունը կընկալվի որպես իշխանության մեջ չգտնվող մարդկանց ու առավել ևս հանրային գործիչների [անպատիժ] թիրախավորում:
Ցավակցում եմ սպանության զոհ դարձած երկու անձանց ընտանիքի անդամներին ու հարազատներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում դեպքի ժամանակ վիրավորում ստացած երրորդ անձին»։

***

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փարաքար համայնքի ղեկավարի սպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հայտարարության կարևոր ենթատեքստը կարծես չնկատվեց։ Նա ասում է՝ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար և ինչու չեն կատարվել։ Այսինքն, ինչպես իր շահագրգռվածության մյուս դեպքերում՝ «Սուրմալու»-ի պայթյուն, Ազատի զինվորական կացարանի հրդեհ և այլն, Փաշինյանը հերթական անգամ, դեպքից ընդամենը ժամեր անց նախաքննության իր ցանկալի վարկածն ու ծավալն է պարտադրում իրավապահ մարմիններին՝ ակնարկելով, որ երեկվա սպանությունը կատարվել է վրեժի շարժառիթով և փոխկապակցված է սույն թվականի փետրվարի 5-ին նույն համայնքում՝ ՔՊ-ական պաշտոնյայի բակում կատարված սպանության հետ։ Նշվածից հիմնավոր կասկած է ձևավորվում, որ սպանության այս դեպքը ևս արժանանալու է հիշատակված մյուս հանցագործությունների քննության «ճակատագրին»»։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխող թիմի ու իր ղեկավարի ամենօրյա ռեժիմով հանրությանն ուղղվող մաղձը, ատելությունն ու թշնամությունը նույն ձևով էլ արտացոլվում է ներհասարակական-քաղաքական մակարդակում:
Իրավապահ համակարգի թիվ 1 նպատակը դարձել է իշխանության N1 «օբյեկտի» քմահաճույքներով զբաղվելն ու դրանք սպասարկելը, ինչը բացի նրանից, որ ապօրինի բնույթ է կրում, նաև հնարավորություն չի տալիս կենտրոնանալու այդ համակարգի իրական գործառույթների վրա:
Այս իշխանության համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի և սրանց ներքին ու արտաքին անվտանգության կոնցեպտը ձևավորվում է` բխելով բացառապես մեկ անձի քաղաքական և անձնական ձգտումներից, ինչը հանրային ու պետական շահի հետ որևէ առնչություն չունի»:

***

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Իրական Հայաստանում» պաշտպանված են ընդամենը մի քանի հոգի:
«Իրական Հայաստանում» նախապատրաստվող իրական հանցագործությունների փոխարեն «կանխվում» են գոյություն չունեցող ահաբեկչությունները:
«Իրական Հայաստանում» սպառնալիքը ոչ թե զինված խուժանն ա, այլ օրինակ` Եկեղեցու հոգևոր սպասավորը կամ օրագրի մեջ գրառումներ անող քաղակտիվիստ կինը:
Ցավակցում եմ «Իրական Հայաստանի» հերթական զոհերի` Վալոդյա Գրիգորյանի և մյուս սպանված անձի հարազատներին, ընկերներին ու մտերիմներին:
Համբերություն անպաշտպան ու ապշահար մնացած հայ ժողովրդին»:

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Մերձավանի արյունալի գիշերը․ պատասխանատվության ստվերը իշխանության վրա է։
Անցած գիշեր Մերձավանի Երևանյան խճուղում արձանագրված կրակոցները խլեցին մարդկային կյանքեր․ կա երկու զոհ և մեկ վիրավոր։
Զոհերից մեկը Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վոլոդյա Գրիգորյանն է։
Դեպքի շուրջ արդեն իսկ շրջանառվում են տարբեր վարկածներ․ ոմանք այն կապում են իշխանական շրջանակների հետ, մյուսները՝ վենդետայի կամ Մերձավանում փետրվարի 5-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի շարունակության հետ։
Բայց անկախ բոլոր վարկածներից մի բան ակնհայտ է․ քաղաքական պատասխանատվությունն անխուսափելիորեն կրում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
Իշխանությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը, իսկ երբ զոհ դառնում է համայնքի ընդդիմադիր ղեկավար, հարցը դուրս է գալիս զուտ քրեական դաշտից և ստանում հստակ քաղաքական երանգ։
Սա վկայում է պետական ինստիտուտների անկարողության մասին։
Եթե տեղի ունեցածը չստանա արագ, թափանցիկ և համոզիչ բացահայտում, ապա հասարակական կարծիքում մեղքի ստվերը շարունակելու է մնալ իշխանության վրա՝ անկախ իրական մեղավորներից»։

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գիշերը 1-ին Տավուշի մարզից վերադառնում էի Երևան, երբ լուր ստացա Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին։ Մեզ համար այդ հարվածը ծանր էր, քանի որ Վալոդյան ոչ միայն վայելում էր Փարաքար համայնքի 9 գյուղերի ավելի քան 22 հազար բնակչության սերն ու վստահությունը, այլև կիսաթուրքերին համառորեն հաղթելու լավ օրինակ էր ամբողջ Հայաստանի ընդդիմադիրների համար։
Վալոդյան համեստ, բայց ուժեղ տղա էր, ու դա ՔՊ -ի համար խնդիր էր։
Վալոդյան սրանց նման հիստերիկ չէր գոռգոռում կամ հայհոյախոսում, այլ ամուր կանգնած էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի կողքին, կանխում էր բոլոր այլասերումները, համայնքի երեխաների համար մանկապարտեզները դարձրեց անվճար, սոցիալական ու ազգային կրթական մի շարք ծրագրեր սկսեց, առողջացրեց բնակավայրերի ներքին հասարակական շփումները, համերաշխություն բերեց։
Երբ ՔՊ-ական ավագանին ու իշխանական չինովնիկները հիստերիկանում էին, ասում էր՝ հանգստացեք, հատ-հատ գիտեմ, թե ձեզնից ով ինչ կյանքով է ապրում, բայց ձեզ նման տականք չեմ, որ մարդու անձնական կյանքը շահարկեմ։
Վալոդյայից ՔՊ-ն վախենում էր։ Սարսափելու չափ էր վախենում, քանի որ նա կարողացել էր միայնակ ջարդել այդ ոհմակի ողնաշարը։
Հիմա, իհարկե, հազար ու մի փաթեթավորում կտան սպանությանը, գուցե ձևակերպեն անցյալից եկող ընտանեկան կամ այլ անհամաձայնությունների տեսքով, բայց ոչինչ առանց վերին քաղաքական տանիքի չի լինում։
Վալոդյայի սպանության իրական բացահայտումը ոստիկանության բարձր պաշտոնյաների պատվի հարցն է»։

***

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) Փարաքարում էր՝ համայնքի ղեկավարի սպանության վայրում․ «Մեր համագյուղացին է Վալոդյա Գրիգորյանը։ Ամբողջ ռայոնը սիրում, հարգում էին։ Ոչ մի բանի մեջ չի էլ եղել, միայն իրա գործերով, իրա ժողովրդի հետ, ժողովրդի հոգսերով, նման համայնքապետ կյանքում չենք ունեցել»,- նշել է Մովսիսյանը:

***

Փարաքար համայնքի սպանված ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հայրը դեպքի վայրում է։ «ԱրմԼուր»-ի հարցերին ի պատասխան՝ նա միայն ասաց, որ որդին ոչ ոքի վատություն չի արել․ «Չեմ կարող ոչինչ ասել, ոչ ոքի սենց ցավ չեմ ցանկանա։ Ինքը բացի լավությունից, ոչ մեկին վատություն չի արել»:

***

«Ապօրինի զենք է վխտում ժողովրդի մեջ. իշխանությունները զբաղված են անհասկանալի գործողություններով, իրենց սեփական անվտանգությունն ապահովելով, ֆեյք դատավարություններով ու իրական հանցագործներին դրսում թողնելով։ Եթե այս սպանությունը չբացահայտվեց, իրենք երկար պատասխան են տալու այս արարքների համար»,- Փարաքար համանքի սպանված ղեկավարի տան մոտ «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
«Վալոդյան համեստության տիպար էր։ Իրենք պետք է բացահայտեն այս սպանությունը՝ ապացուցելու, որ փնտրում են իրական հանցագործներ, այլ ոչ թե քաղաքական պատվերներ են կատարում»,- հավելեց Թանդիլյանը։

***

Ծրագրավորող, քիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արա բայց ասում ես էլի... տան դիմաց, կնոջ, երեխեքի ու ծնողների աչքի առաջ գնաս էդ մարդուն ու ընկերոջը գյուլե՞ս, ի՞նչ կարգի սրբապիղծ պետք ա լինես... Երկրում օրեցօր բեսպրեդելն ու անարխիան աճում ա, չկա օր, որ կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ ու վենդետաներ չլինեն, իմ մոտ նենց տպավորություն ա, որ փողոցով անցնող ամեն երկրորդի մեջքին մի AKA47 կամ ինչ որ Մակարով ա խփած... Հլը խորացեք՝ համայնքապետ ու ոստիկան են սպանել հենց համայնքապետի տան դիմաց... Չգիտեմ ախպեր... Սաղ կարմիր գծերը հատել ենք... Նայում ես՝ Հայաստանը ինչ-որ գերտերության քաղաքի չափ երկիր ա, բայց սենց փոքր երկրում էլ չենք կարում նմանատիպ բեսպրեդելները կանխել, եթե սենց տարրական բաները չենք կարում, բա ի՞նչ ենք կարում...»:

***

Լրագրող Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Գիշերը Մերձավանում սպանել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին... Մարդասպանը եղել է դիմակավորված, կրակահերթ է բացել Վալոդյա Գրիգորյանի ու նրա հետ գտնվող ևս երկու հոգու վրա։ Նրանցից երկուսը մահացել են, մեկը՝ վիրավորվել։ Ըստ ամենայնի, Վալոդյային չներեցին ՔՊ-ի դեմ հաղթանակը ընտրություններում։
Վալոդյա Գրիգորյանը ամուսնացած էր, ուներ չորս երեխա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more