▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաջ գիտակցել եմ, որ դրանից հետո ինձ կարող են ծեծել. Շահեն Հարությունյան

«Բռնության մասին իմ մայրն է բարձրաձայնել, դե ծնող է` անհանգստանում է: Իրականում ես այդ ամենին մեծ դեր չեմ հատկացնում, որովհետև եթե ես քաղաքական  ակցիա եմ արել և մտել քաղաքական պայքարի մեջ, քաջ գիտակցել եմ, որ դրանից  հետո  ինձ կարող են ծեծել, սակայն դա հարցի մյուս կողմն է:  Ես հասկանում էի, թե ինչ կարող էին անել ոստիկաններն ինձ բռնելուց հետո (կարող էին ինձ ծեծել կամ չծեծել), սակայն այդ մասին բարձրաձայնելու կարիք չունեմ, կարևորն իմ քաղաքական ակցիան էր, որն  իր նպատակին հասել է, այսինքն` աշխարհում  հիմա  խոսում են Հայաստանի քաղբանտարկյալների առկայության մասին. իմ նպատակը հենց դա էր, կողմնակի ոչինչ ինձ չի հետաքրքրում»,-Asekose.am-ի թղթակցի  հետ զրույցում, անդրադառնալով իր նկատմամբ տեղի ունեցած հնարավոր  բռնությանը, ասաց Շահեն Հարությունյանը:

Շահենը նաև հորդորեց բռնության մասին բոլոր հարցերն ուղղել իր մորը` Ռուզաննա Բադալյանին.

«Ինքը ծնող է և ինչ ուզում է` կարող է ասել: Ես չեմ կարող ասել` մամա ջան, այս մի բանը  մի ասա:  Ծնող է, կին է և այս հարցին այլ ձևով  է  վերաբերում»:

Շահենը նաև չցանկացավ մանրամասնել, թե ինչպես է նրան հաջողվել մտնել խաղադաշտ`  հաշվի առնելով ոստիկանների  հսկողությունը, սակայն, միաժամանակ, նշեց, որ այդ մասին կխոսի  ավելի ուշ` Ազատության  հրապարակում:

Շահեն Հարությունյանը նաև անդրադարձավ իր ապրումներին, երբ պաստառով վազում էր  խաղադաշտով.

«Ուղղակի մեկ սխալ եմ թույլ տվել` պետք է մի քիչ էլ վազեի, որովհետև այնպես չէր, որ շունչս կտրվում էր կամ էլ հոգնել էի, կարող էի դեռ այդքան էլ վազել, սակայն  տեսանյութերում իմ վազքի միայն մի մասն է երևում. ափսոսում եմ, որովհետև կարող էի այդ ամենն ավելի լավ անել, պաստառս էլ կարող էր ավելի շատ երևալ»:

Իսկ այն դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, Ռոնալդուն,  կարդացել է նրա  պաստառը, Շահենը պատասխանեց.

«Ինձ չէր հետաքրքրում Ռոնալդուն որպես անձ կկարդա պաստառի վրայի  գրառումը, թե ոչ, ինձ համար կարևորն այն է, որ  աշխարհի  լավագույն ֆուտբոլիստներից մեկը (տվյալ դեպքում՝ Ռոնալդուն) կկարդա  այդ ամենը, և ամբողջ  աշխարհն ուշադրություն կադրձնի այդ  խնդրին, որովհետև բոլորին կհետաքրքրեր, թե այդ մարդը (Ռոնալդուն) ինչ է կարդում: Օրինակ` «Washington times»-ը գրել էր, որ  Հայաստանում Պորտուգալիա-Հայաստան հանդիպման ժամանակ երկրպագուն մտել է խաղադաշտ, վազել է, արագությանս մասին էին նշել, այսինքն ` ամեն ինչ շփոթել էին, հետո արդեն գրել են, որ  այդ ամենը կապ չուներ մոլի երկրպագության հետ և երկրպագուհի արարք  չէր, այլ` քաղաքական ակցիա էր,  և այդ ամենն արդեն  լուսաբանվեց քաղաքականորեն»:

Այն հարցին` արդյո՞ք տեղյակ է Շանթ Հարությունյանի արձագանքի մասին, Շահենն ասաց, որ հոր մասին որևէ  տեղեկություն չունի.

«Հայրս հունիսի 8-ից  իր ընկերոջ  հետ միասին հացադուլի մեջ է գտնվում, և ինձ համար այս պահին դա շատ ավելի կարևոր է»:

 Զրույցի վերջում էլ  Շահենը հատուկ շնորհակալություն հայտնեց իր մորը.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մամայիս, որ չընդդիմացավ այս արարքին ու  խիզախորեն թողեց, որ  գնամ այդ քայլին:  Այս ակցիայի մասին  գիտեինք միայն ես և նա (վերջում նաև երկու ընկեր), երբ  նրան  հայտնել էի  գաղափարիս մասին, վստահ էի, որ մերժելու է, սակայն անակնկալի եկա ու շատ հաճելի էր, որ  համաձայնեց, թեև  երկուսս էլ հասկանում էինք, թե ուր եմ գնում, որից հետո կարող էր  փոխվել իմ խափանման միջոցը: Մերսի, որ թողեցիր նման  ակցիա  անեմ, ուզում եմ, որ այդ մասին ամբողջ աշխարհն իմանա»:

Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսի ավարտից րոպեներ առաջ խաղադաշտ է մտել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը՝ հոր նկարով շապիկը հագին` «Ազատություն Շանթ Հարությունյանին և  Հայաստանի մյուս քաղբանտարկյալներին» պաստառը ձեռքին, ինչից  անմիջապես հետո մրցավարը դադարեցրել է խաղը, իսկ ոստիկանները Շահենին հեռացրել են դաշտից: 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more