Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր նախարարների մեծամասնությունը ատամհատիկին Սուպերմենի թիկնոցն են քաշել, այլապես չգիտեմ էլ ինչ տրամաբանական բացատրություն գտնեմ հասարակության աչքում հերոսանալու նրանց անառողջ ցանկությունը։ Սկզբում ԱԻՆ նախարարը փրկեց դիմակավորված անձին Դավիթաշենի կամուրջի վրա, իսկ այժմ նորից Սուպերնախարարի թիկնոցը ծածանվեց երկնակամարում։ Հերոսն այս անգամ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ սուպերնախարարն էր` Արմեն Մուրադյանը։ Իմիջիայլոց ականատեսը հենց բոլորը մեծատառերով է գրել այդ հերոսական նախարարության անունը։
Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ կին է վատանում՝ կորցնելով գիտակցությունը։ Եվ ինչպես կարգն է ինքնաթիռում հնչում է պրն․ Մուրադյանի սիրելի հարցը` իքնաթիռում բժիշկ կա թե՞ ոչ: Այդ ժամանակ նա վեր է խոյանում ծածկոցի տակից և թռչում դեպի վատացած կինը։ Մի քանի մասնագիտական հնարք և կինը առողջ էր, և ինչպես ասվում է ականատեսի տեքստում «Պարոն Նախարարն աննդմեջ բանակցություներ էր տանում օդաչուի հետ»։
PR-ը PR, բայց դուք սուպեր հերոսություններ անելու համար չեք ընտրված ձեր պաշտոններին։ Ձեր լավագույն հերոսությունը կլինի Առողջապահության առօրյա խնդիրները լուծելը, որոնք ինչպես, ցավոք , հաճախ ենք տեսնում կայքերի լրահոսներում, մեղմ ասած այդքան էլ քիչ չեն, իսկ սուպերհերոսական սցենարները ավելի լավ է թողնել հոլիվուդյան ռեժիսյորներին։