Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարի 2-րդ մարզաձևը բասկետբոլն էր:
«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնի ընթացքում վարչական շրջանների պատանի բասկետբոլիստները միմյանց միջև խաղերում օրեր շարունակ որոշում էին լավագույններին: Արդյունքում, «Երևանի ոսկե զամբյուղ» կոչվող բասկետբոլի մրցաշարում, 3-րդ և 4-րդ տեղերի համար պայքարում ուժերն են չափել Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների թիմերը: Երրորդ պատվավոր տեղն զբաղեցրել են Էրեբունի վարչական շրջանի բասկետբոլիստները: Վերջին ու ամենասկզբունքային խաղում հանդիպել են Ավան և Աջափնյակ վարչական շրջանների թիմերը: Ավելի համառ են գտնվել աջափնյակցի բասկետբոլիստները, ովքեր էլ այս մարզաձի հաղթողի տիտղոսն են նվաճել: Նրանց հաղթական մեդալներ ու պատվոգիր է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Մեդալներ ու պատվոգրեր են ստացել նաև Ավան և Էրեբունի վարչական շրջանները ներյայացնող թիմերը: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն