Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։
«Սիրելի՛ գործընկերներ,
ուրախ ենք հյուրընկալել ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին Ազգային ժողովի հարկի տակ: Այս հավաքն առաջինն է, որն անց է կացվում նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությունից հետո, երբ մեր պետության քաղաքացիները ոտքի կանգնեցին կյանքի կոչելու մեր հավաքական իղձերը՝ ապրելու ինքնիշխան, ժողովրդավարական, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանող երկրում: Եւ սա այն պատգամն է, որ բոլորս՝ յուրաքանչյուր հանրային ծառայող, պարտավոր ենք կյանքի կոչել:
Սա անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետության զարգացման կարեւորագույն հանգրվաններից մեկն է: Այն պիտի առիթ դառնա, որպեսզի վերանայվեն, վերաիմաստավորվեն եւ արդյունքում վերահաստատվեն կամ անհրաժեշտության դեպքում էականորեն փոփոխվեն պետական ոլորտային քաղաքականությունները, այդ թվում արտաքին քաղաքականությունը: Այս ուղղությամբ, ինչպես եւ հայտարարվել էր, չեն եղել եւ չեն նախատեսվում աշխարհաքաղաքական ուղենիշների փոփոխություններ, բայց փոփոխության է ենթարկվում արտաքին քաղաքականություն վարելու ոճը թերեւս, առնվազն որովհետեւ եթե դեսպանները, օրինակ, մի յուրօրինակ առաջնագծում առանց զենքի պաշտպանում են երկիրը, նրանք չեն կարող նույն փաստարկային բազայով կամ նույն դիրքերից հանդես գալով կամ նույն մեթոդով ու բառակազմով պաշտպանեն այն, ինչն էականորեն փոխվել է: Իսկ Հայաստանն, արդեն ասացի, էականորեն փոխվել է: Փոխվել է, դեռեւս գուցե ոչ բոլոր ուղղություններով վերջնական արդյունքների առումով, բայց հաստատապես այն արժեքների, այն գաղափարական, փիլիսոփայական հենքի առումով, որի վրա կառուցվում է պետությունը եւ նրա բոլոր ինստիտուտները, այն հենքի առումով, որի վրա կառուցվում են հասարակական հարաբերությունները:
Ըստ այդմ՝ Հայաստանն աշխարհին պիտի ներկայանա որպես ինքնիշխան, սեփական շահերը գիտակցող եւ համարձակորեն պաշտպանող, միեւնույն ժամանակ գործընկերային եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարող միջազգային իրավունքի սուբյեկտ, որովհետեւ Հայաստանում արդեն ամրագրվել են ժողովրդավար պետություն կառուցելու երաշխիքները. Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտակցում է, որ հանդիսանում է իշխանության միակ աղբյուրը»:
Մանրամասները՝ տեսանյութում