Mars կոնցեռնը 55 երկրներից հետ է կանչում իր արտադրանքն այն բանից հետո, երբ ընկերության շոկոլադներում պլաստիկե կտորներ են հայտնաբերել: Ավելի վաղ հաղորդվել էր Գերմանիայից Mars, Snickers, Milky Way շոկոլադների եւ Celebrations կոնֆետների հետ կանչելու մասին: Այնուհետեւ լուրեր հայտնվեցին ԵՄ մի շարք երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից արտադրանքի հետ կանչելու մասին:
«Այն խմբաքանակը, որը հետ է կանչվում, Հայաստանում չկա»,-ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» Հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նա համեմատություն անցկացրեց Mars-ի կատարած քայլի և ՀՀ-ում իրականցվող քայլերի վերաբերյալ.
«Mars-ը, իմանալով, որ մեկի մեջ կա օտար մարմին՝ ամբողջ խմբաքանակն է հետ կանչում՝ թույլ չտալով, որ այն հասնի սպառողին: Իսկ մեզ մոտ անընդհատ հրապարակումներ են լինում՝ այս կամ այն սնունդում հայտնաբերված օտար մարմինների մասին, վերահսկողն ասում է՝ մենք էլ գնացինք նույն ապրանքը բացեցին, նրա մեջ չկար: Սա նման է անեկդոտի, երբ մեկը տեսել է, որ ոսկի ես տանում, սա ասում է՝ ուզում եք ես էլ 1500 հոգի բերեմ, որ չի տեսել: Հիմա այս մարդիկ հավատում են նրանց, ովքեր չեն տեսել»:
Անի Կարապետյան