2018 թվականը մեր երկրի համար կարևոր տարի է լինելու: Ապրիլին կստանձնենք խորհրդարանական երկրի իրավասությունները, հետո կնշենք մեր անկախ պետականության 100, Երևանի 2800-ամյակը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախագահի քաղաքական հարցերի գծով խորհրդական Մկրտիչ Մինասյանն ու հիշեց.
-Էրեբունի-Երևանի 2750-ամյակին մեր ամենասիրելի բանաստեղծներից մեկը՝ Պարույր Սևակն էր զեկուցում կարդում: Նա չափազանց հուզված աշխարհին ներկայացնում էր աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Երևանի պատմությունը:
Ինչպես ՀՀԿ-ի շատ ներկայացուցիչներ, այնպես էլ Մկրտիչ Մինասյանը խուսափեց խոսել վարչապետի հնարավոր թեկնածուի մասին:
-Կգա ժամանակը՝ կիմանանք, այս հարցը դեռևս չի քննարկվել: ՀՀԿ-ն որոշումը կկայացնի իր կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի հետ: Մեկ բան հաստատ է՝ երկրի կառավարման գործում ուժեղ է լինելու ԱԺ-ի վերահսկողությունը ու Կառավարության գործունեությունն ավելի թափանցիկ կլինի:
Asekose.am-ի հարցին՝ ՀՀԿ ամենաավագ ներկայացուցիչը գո՞հ է նոր ԱԺ-ից ու ի՞նչ խորհուրդներ է տալիս հատկապես իր երիտասարդ ու ՀՀԿ-ական գործընկերներին, պատասխանեց.
-25 տարվա պետություն ենք և սա այնպիսի ժամանակահատված է, որ դասական պառլամենտարիզմի պետք է հասնեինք: Մեր ազգը մեծ պոտենցիալ ունի, մնում է հոգում անթեղված կրակը բոցավառել: Ազգին անհրաժեշտ են նաև կիրթ, ուսյալ երիտասարդներ: Ինչ վերաբերում է խորհուրդներ տալուն, զրուցում եմ նրանց հետ հատկապես ելույթներից հետո, երբ նկատում եմ, որ ազնիվ են, բանիմաց ու ժողովրդի, պետության մասին մտածող, բայց եթե նկատում եմ, որ անձնական նկրտումներից ելնելով են այս կամ այն հարցը բարձրացնում, հորդորում եմ բոլորին հետաքրքրող հարցերի մասին խոսել:
Խուսափում եմ նաև կյանքի դասեր տալ, քանի որ կարևոր է օրինակ ծառայելը՝ ընկալումով, վերաբերմունքով ու վարքագծով:
Խոսքը շատ կարևոր է, բայց ամեն մարդ չէ, որ կհասկանա քեզ: Շատ խոսելը չի նշանակում շատ ու կարևոր բան ասել: Իսկ, եթե թեկուզև ճիշտն ես պարտադրում, քչերին ես կարողանում համոզել: Պետք է նաև ուշադիր լինես, չվիրավորես մարդուն, նրա եսը:
Հաջորդ հարցին՝ ի՞նչն է պատճառը, որր մենք 25 տարում առաջընթաց չգրանցեցինք, ԱԺ նախագահի քաղաքական հարցերի գծով խորհրդականը նկատեց.
-Չէի ասի չի զարգանում, երևի ցանկալի տեմպերով չի զարգանում: Հուսամ՝ 10 տարի հետո թռիչքային զարգացման մեջ գտնվող երկիր կունենանք: Պետք է վերջ տանք կոռուպցիային, մենաշնորհներին: Մարդկանց հնարավորություն պետք է տալ: Այդ ինչպե՞ս է, որ այլ երկրներում կարողանում են կայանալ, այստեղ՝ ոչ: Հնարավորություն է անհրաժեշտ ստեղծել:
Անի Կարապետյան