«Փաստինֆո»-ն գրում է.Պետական դավաճանության և նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղյակ լինելու և չհայտնելու գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրանքի՝ 49-ամյա Ռաֆիկ Պապոյանը, բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան ավունով ներկայացած անձի կողմից և կատարել է այդ հետախուզական ծառայության առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ: Ըստ 46-ամյա Կարինե Ղումաշյանին առաջադրված մեղադրանքի՝ նա ևս բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Ստանալով վարձատրություն` մոտ 1500 ԱՄՆ դոլար գումարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին և այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:
25-ամյա Սերգեյ Պապոյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզականմ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի հետ և հավաքագրվել վերջինիս կողմից` տրամադրելով տեղեկություն ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 ԱՄՆ դոլլար գումար` վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք` ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում և տեղեկություններ հայտնել այդ զորամասի մասին համացանցի «սկայպ» ծրագրի կամ «օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:
18-ամյա Դիանային ևս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գործով ամբաստանյալ՝ իր հորաքրոջ աղջիկ Կարինե Ղումաշյանից տեղեկացել է, որ Թուրքիայում գտնվելու ժամանակ, ծանոթացել է Արման անունով ներկայացած մի անձի հետ, որը գումար և նվերներ է տրամադրել նրան: Հեռախոսային խոսակցության ընթացքում Կարինե Ղումաշյանից իմացել է, որ Արման անունով ներկայացած այդ անձնավորությունը հանդիսանում է արտասահմանյան հետախուզական ծառայության աշխատակից: Գիտակցելով, որ խոսքը գնում է վերոհիշյալ Արմանի կողմից Կարինե Ղումաշյանին հավաքագրելու, ինչպես նաև Կ. Ղումաշյանի որդուն` Տիգրան Կարապետյանին հավաքագրելու նախապատրաստության, այն է նախապատրաստվող պետական դավաճանության մասին, Դիանան այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին: Ռաֆիկ Պապոյանին, Կարինե Ղումաշյանին, Սերգեյ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Դիանայի՝ 335-րդ հոդվածի 1-ին մասով: Ռաֆիկ Պապոյանի և Կարինե Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Սերգեյ Պապոյանի և Դիանայի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: