Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Նշենք, որ նա պետական այցով ՀՀ է ժամանել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Իտալիայի նախագահի հետ է նաեւ իր դուստրը՝ Լաուրա Մատարելան:
Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք:
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական աարարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի եւ Սերջիո Մատարելայի առանձնազրույցը, այնուհետեւ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահներ Սարգսյանն ու Մատարելան հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա հայ-իտալակամ մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը: