Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը.
1936ի մայիսին 22ին, ուղիղ 80 տարի առաջ, ՀՀ ՆԳԺԿ-ն Բերիայի դրածո տխրահռչակ Մուղդուսու գլխավորությամբ ձերբակալեց Ներսիկ Ստեփանյանին: Այսօր այս անունը շատ քչերին է հայտնի, իսկ 1936ին շատերը գիտեին նրան: Ներսիկի ջանքերով էր, որ Մոսկվայում գտնվող Հայկական մշակույթի տունը (Լազարևյան ին-տի շենքը, ներկայիս Հայաստանի դեսպանատունը ՌԴում) Բերիան չկարողացավ խլել Հայաստանից: Ներսիկ Ստեփանյանն էր, որ դիմադրում էր ԱՆդրֆեդերացիայի երկու շնագայլերի՝ Բերիայի և Միրջաֆար Բաղիրովի՝ Հայաստանին տնտեսական մեկուսացման մղելու ջանքերին, Ներսիկ Ստեփանյանն էր, որ դեռևս փորձում էր հայկական մշակութային որոշ արժեքներ պահապանվեն (օրինակ՝ Ծիծեռնակ և Կռունկ երգերը, որոնք հայտարավել էին ազգայնական և արգելվել էին դրանց կատարումները, ուսուցումը և առհասարակ հիշատակումը), նպաստել էր Չարենցի ՛՛Գիրք ճանապարհի՛՛ գրքի հրատարակությանը ևլն: Նրա տանը գտել էին գրառումներ, որոնցում Ներսիկը փորձում էր վիճարկել Անդրֆեդերացիայի ընդհանուր բյուջեյի անհամամասն բաշխման խնդիրները և ապացուցում էին, որ նա տեղյակ է, թե ինչպես է ընդհանուր բյուջեն յուացվում Վրաստանում: Ներսիկ Ստեփանյանը Բաղիրովի և Բերիայի ՛՛անձնական թշնամին էր՛՛: Ներսիկի ձերբակալությունից մեկուկես ամիս անց, հուլիսի 9ին Բերիան Թիֆլիսի իր առանձնասենյակում սպանեց ՀՀ Կենտոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանին: Խանջյանի թաղման օրվա կուսակցական ակտիվի ժողովում նրան մեղադրեցին ՛՛տնտեսական նացիոնալիզմում՛՛, քանի որ Խանջյանը նախաձեռնել էր, օրինակ՝ ՛՛ժողտան՛՛ կառուցումը Երևանում կամ ԵՐևան-Աղստաֆա երկաթգծի կառուցումը, որով Հայաստանը դուրս էր գալիս վրացական երկաթգծի կախվածությունից: Օգոստոսին սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Բերիան ԽՍՀՄ ռեպրեսիաների խոսափող ՛՛Պրավդա՛՛ում հոդված տպագրեց Ներսիկ Ստեփանյանի կողմից Հայաստանում ստեղծված նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպության և ՛՛հայ ժողովրդի թշնամիների մասին՛՛: Ձերբակալվածներից շատերը, ինչպես Բակունցը, Ալազանը, Մկրտիչ Արմենը, Դրաստամատ Տեր Սիմոնյանը և շատ ուրիշներ ՛՛խոստովանեցին՛՛, որ Ներսիկ Ստեփանյանը ստեղծել էր նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպություն, և իրենց մոլորության մեջ գցելով՝ ներգրավել այդ կազմակերպության մեջ: Երկար դիմադրելուց հետո ՛՛խոստովանեց՛՛ նաև Ներսիկ Ստեփանյանը: Շատերը գնդակահարվեցին: Ներսիկ Ստեփանյանի գնդակահարությանը հաջորդեցին իր երկու եղբայրների գնդակահարությունները: Ի դեպ, ձերբակալվեցին և գնդակահարվեցին նաև Ներսիկ Ստեփանյանի ձերբակալության հրամանը ստորագրած Հայաստանի գլխավոր դատախազ Պետիկ Թորոսյանը, ինքը՝ Մուղդուսին, նաև Խանջյանին փոխարինած, նույնպես Բերիայի դրածո Ամատունին, բոլորն էլ նույն՝ նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպության անդամակցության մեղադրանքներով: Ձերբակալվեցին և գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի հերոս սպաները, նաև շարքային կամավորները, Ցեղասպանությունից փրկված բոլոր ֆիդայական առաջնորդները: Ստալինը և Բերիան Հայաստանը բեռնաթափում էին կամքից: Թերթերը փողհարում էին հայ ժողովրդի թշնամիներից ազատվելու մասին և հայ ժողովրդին կոչ էին անում շնորհակալ լինել ՛՛հարազատ պարտիայից՛՛ և անձամբ ՛՛բոլոր ժամանակների հանճարեղ հայր Ստալինից՛՛: Անցել է ութսուն տարի: ՆԳԺԿն այդպես էլ որևէ առարկայական ապացույց չգտավ ՛՛Հայաստանում ստեղծված նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպության՛՛ մասին:
Այսօր, հունիսի 20ին ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը: Հանրության կարծիքով՝ որովհետև փորձել է մի փոքր բարձրացնել ապրիլյան պատերազմի վարագույրը: Քննչկան կոմիտեի հայտարարությամբ՝ տեռորիզմի մտադրություններով ցանց ստեղծելու և զենք ու զինամթերք կուտակելու մեղադրանքով: «Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը.......»: Ապացույցը՝ ճանապարհային ոստիականության կողմից անհայտ մեքենայում հայտնաբերված երկու ինքնաձիգ և ՛՛բազմաթիվ խոստովանական ցուցմունքներ՛՛: Խոստովանական ցուցմունքներով այսօր կոռուպցիայի դեմ չեն պայքարում, ապացույցներ են ուզում, այն ապացույցները, որոնք հանրության մոտ չեն, իշխանությունների մոտ են: Առանց ապացույցների ՛՛խոստովանական ցուցմունքները՛՛ միայն քաղաքական հետապնդումների դեպքում են լինում: ՛՛Խոստովանական ցուցմունքների՛՛ ձեռք բերման պրակտիկան, դրանց վրա կառուցված արդարադատության համը և հետևանքները հայտնի են և դրանք լուրջ սպառնալիք են հասարակության համար: Պատրաստվե՞նք 1936-37ին, հատկապես, որ այն ծեծում է մեր դուռը: Բացե՞նք դուռը, դիմադրե՞նք, փախչե՞նք...