Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ունենք մի իրավիճակ, երբ Վենեսուելայի նախագահը առևանգվում է, կալանավորվում է և պետք է դատվի Նյու Յորքում։ Այսօր տեսնում ենք, որ էլի ինքնիշխան պետության իշխանությունը թիրախավորվում է և սպանվում։
Երբ Իրանում նոր գերագույն առաջնորդ ընտրեն, նրան նույնպես կփորձեն սպանել։ Թրամփի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ նպատակ է դրված՝ առաջիկա օրերին փոխել Իրանում ռեժիմը և հանդարտեցնել իրավիճակը տարածաշրջանում։
Եթե այս պատերազմը երկարի, ապա ծայրահեղ ծանր իրավիճակ կարող է լինել միջազգային առևտրի, բիզնեսի, ֆինանսական, նավթային, գազային շուկաների համար։
Իսկ ի՞նչ կա Հայաստանում…»:
***
|
Իրանը հարվածել է Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազային, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաօդային ուժերը։ Այս մասին հաղորդում են թելեգրամյան ալիքները։ «Պայթյուններ։ Ծուխ։ Շուրջբոլորը պատված է ծխով»,- նշել են ականատեսները։ Վնասի կամ հնարավոր կորուստների չափի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա: Ինջիրլիքն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հիմնական ավիաբազաներից մեկն է Թուրքիայի հարավում, որը գտնվում է Ադանա քաղաքի մոտ: Այն օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Մերձավոր Արևելքում գործողությունների համար: *** |
|
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Թեհրանին՝ չեն ազդել պատերազմ վարելու Իրանի կարողության վրա, և այժմ Իսլամական Հանրապետությունն է որոշում, թե երբ և ինչպես կավարտվի հակամարտությունը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Ռմբակոծությունները ոչ մի կերպ չեն ազդում մեր կարողության վրա։ Բազմաշերտ, ապակենտրոնացված պաշտպանությունը թույլ է տալիս մեզ որոշել, թե երբ և ինչպես կավարտվի պատերազմը»,- գրել է նա՝ X-ում։ *** |
Իսրայելը Լիբանանում «Հզբոլլահի» դեմ հարձակողական գործողություն է սկսել, հայտարարել է Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը։
«Մենք պետք է պատրաստվենք ծանր և երկարատև մարտերի»,- ասել է նա ռազմական խորհրդակցության ժամանակ։
Ի՞նչ է հայտնի այս ժամին.
«Fars» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով նոր հարձակումներ է սկսել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա։
Հարվածել են Դոհային, Քուվեյթին, Դուբային, Բահրեյնին և Աբու Դաբիին։ Ծխի ամպ է երևացել նաև Պորտ Սալմանի մոտ և Բահրեյնում ԱՄՆ դեսպանատան վերևում։
Պենտագոնի պաշտոնյաներն անկեղծորեն խոստովանել են. իրենց տվյալների համաձայն՝ չկար որևէ ցուցում, որ Իրանը պատրաստվում էր կանխարգելիչ հարված հասցնել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին, հաղորդում է CNN-ը։
***
Պարսից ծոցի երկրները սպառնացել են պատասխան տալ Իրանին՝ միանալով ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին։
Ինչ է հայտնի Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին այս պահին:
▪️Երուսաղեմը Իրանի հրթիռային հարձակման տակ է հայտնվել, առնվազն 7 մարդ վիրավորվել է, հաղորդվում է 1 զոհի մասին: Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Բեյթ Շեմեշ քաղաքում հարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ, ավելի քան 40-ը վիրավորվել են, գրում Է Times of Israel-ը:
▪️ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն «այլևս շտաբ չունի»։ Հայտնում են, որ կիրառել են «հատուկ հնարավորություններ», որոնց մասին մանրամասներ չեն կարող ասել։
▪️ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունը կարող է տևել 4 շաբաթ կամ ավելի քիչ:
▪️Մեծ Բրիտանիան հավանություն է տվել ԱՄՆ-ի խնդրանքին՝ օգտվել իր ռազմական բազաներից՝ Իրանում հրթիռների պահեստներին հարվածներ հասցնելու համար, սակայն չի միանա հարվածներին, հայտարարել է վարչապետ Սթարմերը:
***
|
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «երեք շատ լավ թեկնածուներ» ունի Իրանի հաջորդ առաջնորդի պաշտոնի համար։ Նա նրանց անունները չի նշել՝ ասելով, թե ամերիկացի զինվորականները նախ պետք է գործը ավարտին հասցնեն Իսլամական Հանրապետությունում։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ի վերջո Իրանի ժողովուրդը պետք է որոշում կայացնի երկրում իշխանափոխության վերաբերյալ։ «Նրանցից է կախված՝ կանեն դա, թե ոչ։ Նրանք տարիներ շարունակ խոսել են այդ մասին, ուստի հիմա նրանք ակնհայտորեն հնարավորություն ունեն»,- ասել է Թրամփը՝ The New York Times-ին տված հարցազրույցում։ *** |
|
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանական աղբյուրները տարածել են կադրեր, որոնք պատկերում են Քուվեյթի երկնքում խոցված ամերիկյան ռազմական օդանավ։ Ամերիկյան կողմն առայժմ ոչ հաստատել, ոչ հերքել է ինքնաթիռի կորուստը։ Տարածաշրջանում շիայական կազմավորումների ակտիվացման շրջանակներում Իսրայելին հրթիռային հարվածներ է հասցրել լիբանանյան «Հիզբալլահը», իսկ Թել-Ավիվը հայտարարել է, որ ռազմական գործողություն է սկսում Լիբանանում։ Գրեթե կասկած չկա, որ Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները»: *** |
|
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ըստ երևույթին՝ պաշտոնական Երևանին որևէ կերպ չի հաջողվում կապվել Վաշինգթոն և ճշտել՝ կարելի՞ է Իրանին ցավակցել Գերագույն հոգևոր առաջնորդի սպանության առիթով, թե՞ պետք է Թրամպին շնորհավորել՝ Իրանի առաջնորդին սպանելու կապակցությամբ: Հավանաբար դա է պատճառը, որ առաջնորդի սպանության լուրի պաշտոնական հաստատումից արդեն ավելի քան 24 ժամ անց որևէ տեղեկություն չկա Հայաստանի վարչապետի ցավակցության մասին»: *** |
|
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների ողբերգական մահվան կապակցությամբ։ *** |
|
Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումների նոր ալիք է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների վրա, հաղորդում է Fars-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Հարվածների են ենթարկվել Դոհայում, Քուվեյթում, Դուբայում, Բահրեյնում և Աբու Դաբիում գտնվող ԱՄՆ բազաները։ |


