▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատերազմ է հայտարարված այն բոլոր արժեքներին, որի համար զոհվել են մեր լույսի պես տղաները»

«Պատերազմ է հայտարարված այն բոլոր արժեքներին, որի համար զոհվել են մեր լույսի պես տղաները»,- ասաց հասարակական գործիչ Կարին Տոնոյանը «Ինչպիսին պետք է լինի Հայոց Այբբենարանը» խորագրով աշխատաժողովի ժամանակ։ «Ականատես եղանք մեր հայրենիքի վաճառքին՝ ծածկված պատերազմի քողով։ Հետո այդ պատերազմի վախի մահակի տակ լռեցինք, երբ տվեցին Արցախը, տվեցին մեր արժանապատվությունը, մեր վաղվա հավատը և նույնիսկ հանգիստ քունը․․․Ահա հասել են լեզվին․․․Մեզանից այս ամենը վերցրել են հիմա։ Երեկ էլ շատ դաժան դատով, որով թվում էր դատեցին Միքայել Սրբազանին, իրականում դատեցին մեր ազատությունը։ Եթե Միքայել Սրբազանին դատապարտեցին 2 տարվա ազատազրկման, մեզ սպառնում են ընդհանրապես ազատազրկել, ինչո՞ւ, որովհետև այսօր ՀՀ-ում ականատես ենք վախի իշխանության։ ՀՀ-ում անձնապաշտական վախն է տիրում, եթե այդ վախը չլիներ, այսօր այստեղ ավելի շատ մարդիկ կլինեին։ Ամեն մեկն ունի իր վախի ակունքը, ցավում եմ, բայց մենք այնքան ենք հանդուժելու այս իշխանություններին, քանի չենք ազատվել այդ վախից»,- ասաց Տոնոյանը։

***

«Այս իշխանությունները ոտնձգել են լեզվի նկատմամբ և դրա ուղիղ արտահայտումն անդրադարձել է դասագրքերի և հատկապես այբբենարանի վրա»,- աշխատաժողովի ժամանակ, շարունակելով իր ելույթն, ասաց Հասարակական գործիչ Կարին Տոնոյանը։ «Լեզուն մնացել է մեր վերջին դիրքը, եթե թույլ տանք, որ մեր լեզվի հետ էլ անեն, ինչ ուզում են, ապա ուղղակի իրավունք չունենք տեսակ կոչվելու։ Մենք պետք է պայքարենք մեր տեսակի համար։ Շատերն ասում են՝ այս ամենն, ինչ կատարվում է դասագրքերի, այբբենարանի հետ պատահականություն է։ Անգամ, եթե պատահական է, ապա այդպիսի պատահական սխալներ թույլ տվող անձինք իրավունք չունեն մոտենան դասագրքերին, որոնք սրբազան պատուհան են դեպի կյանք»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, որ իրականում լեզուն է մեր տերը և պետք է տեր կանգնել այդ լեզվին․ «Նստենք, նայենք, թե ինչպե՞ս են այսօրվա իշխանությունները ավիրում ամեն ինչ։ Մենք, որպես արժանապատվությունը վաճառքի չհանած մարդիկ, ուզում ենք հնարավորություն տալ մարդկանց միանալ մեր պայքարին՝ հայ մնալու իրավունք ունենալու համար։ Հասկանում ենք, որ ռեպրեսիաները մեզ էլ են հասնելու, Միքայել և Բագրատ Սրբազաններից հեղինակավոր չենք, բայց դա մեզ չի կանգնեցնի, մեր պայքարը շարունակելու ենք»,- ասաց Տոնոյանը՝ կոչ անելով այսօրվա դասագրքերի հեղինակներին՝ չտրվել ճնշումներին և միանալ պայքարին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more