«Օրեր առաջ երկու քույրերս այցելել էին Աբովյան փողոցի վրա գտնվող իտալական «BESSINI» խանութ, որտեղ 100 հազար և ավել արժեք ունեցող բոլոր կոշիկներն այդ շրջանում 50% զեղչով էին վաճառվում: Քույրերս գնում են երեք զույգ կոշիկ, սակայն մեկ պայմանով, որ կարող են դրանք հետ վերադարձնել: Խանութում համաձայնում են` նշելով, որ ցանկության դեպքում միայն մեկ զույգը կարող են հետ վերադարձնել: Հաջորդ օրը քույրերս կրկին այցելում են «BESSINI» և այդ պահից էլ սկսվում են «անակնկալները»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեզ դիմած Ստելլա անունով (ազգանունը խնդրել է չնշել) վրդովված քաղաքացին:
Նրա խոսքով` իր քույրերը խանութ էին այցելել, որպեսզի հետ վերադարձնեին նախորդ օրը գնած բոկոտիկը (босоножкa), որի արժեքը 50% զեղչով 50. 000 դրամ էր.
«Խանութում նրանց հայտնում են, որ բոկոտիկը (босоножкa) իրենք չեն կարող հետ վերցնել, որովհետև հենց դա են գրանցել որպես վաճառված: Նշեմ, որ դա գնված երեք կոշիկներից ամենաթանկ էր (մյուս երկու կոշիկների արժեքը միասին կազմում էր մոտ 50. 000 դրամ): Քույրս էլ սրտնեղած էր, որովհետև տանը մեծ վեճ էր տեղի ունեցել, ավելին` ամուսինն ասել էր, որ սա ի՞նչ է այս երկու թելը, որ դրա համար 50. 000 դրամ վճարես, այն էլ` զեղչով: Ապա զգուշացրել, որ քույրս տանի կոշիկները հետ վերադարձնի, այլապես` նա դա կանի իր փոխարեն: Մի խոսքով` մեծ աղմուկ էր բարձրացել: Հասկանալով, որ խնդիրը բավական լուրջ է` խանութի աշխատակիցները դիմում են փոխտնօրենին, վերջինս տալիս է իր համաձայնությունը` ասելով, որ կոշիկի դիմաց կգանձեն միայն 10. 000 դրամ, իսկ 40. 000-ը` կվերադարձնեն»:
Ստելլայի պնդմամբ` իր քույրը համաձայնում է, սակայն խնդիրն այդքանով լուծում չի ստանում.
«Նախ գումարը վերադարձնում են միայն հաջորդ օրը, սակայն շատ լավ իմանալով բոլոր օրենքները` քրոջս ասացի, որ նրանք իրենից 10. 000 դրամ գանձելու իրավունք չունեին և որոշեցի, որ տվյալ խնդրով ես պետք է զբաղվեմ, առավել ևս, որ քույրս տանը խնդիրներ ունի և դա չի կարող անձամբ անել: Ինչևէ, զանգահարեցի «BESSINI» և նրանց հարցրեցի, թե որ օրենքի համաձայն են պահել քրոջս 10. 000 դրամը, ավելին` ասացի, որ եթե իրենք ինձ ցույց տան տվյալ օրենքը, ներողություն կխնդրեմ ու այլևս իրենց չեմ անհանգստացնի: Իրենք ընդամենը պատասխանեցին, որ այս ամենը քրոջս համաձայնությամբ է տեղի ունեցել, որն էլ նրանց հիմնավորումն էր: Ասացի, որ զգուշացնեն իրենց տնօրեններին, փոխտնօրեններին, որ պետք է գումարս հետ վերադարձնեն: Ժամեր անց զանգահարեցին և ասացին, որ դա հնարավոր չէ, ես էլ նրանց հայտնեցի, որ այդ դեպքում 14 օրվա ընթացքում իրենց խանութից կարող եմ այդ գումարին համապատասխան որևէ իր վերցնել: Քննարկումից հետո կրկին զանգահարեցին և ասացին, որ համաձայն են»:
Սակայն այս անգամ էլ ամեն ինչ հարթ չընթացավ: Ըստ Ստելլայի` իրենք կրկին գնացին «BESSINI», որտեղից էլ պետք է ընտրեին որևէ մի իր.
««BESSINI»-ում մայրիկիս համար երկու վերնաշապիկ եմ ընտրում և ասում նրանց, որ հաջորդ օրը կրկին կմոտենամ և կավելացնեմ դրանց համար պակասող գումարը: Կրկին համաձայնում են և ես, այս անգամ արդեն մայրիկիս հետ, նորից գնում եմ «BESSINI», սակայն ինձ հայտնում են, որ ես պետք է վճարեմ վերնաշապիկների ամբողջ գումարը: Ձայնս բարձրացնելով` նրանց ասում եմ, թե ինչու են ինձ հիմարեցնում, ինչին էլ պատասխանում են, որ մենեջերը և փոխտնօրենը տեղում չեն, նման խնդիրները նրանց հետ պետք է կարգավորել: Երկու օր անց նորից գնում եմ «BESSINI», սակայն բոլորը միաձայն, տգեղ ձևով ասում են, որ ինձ չեն ճանաչում և իրենց խանութում, առհասարակ, նման խնդիրներ չեն առաջանում, ավելին` եթե իրենց կոշիկները հետ են վերադարձնում, իրենք էլ իրենց հերթին վերադարձնում են ամբողջ գումարը, ինչն էլ ըստ իրենց` արել են նաև մեր պարագայում: Նայելով նրանց աչքերին` ասացի, որ ինչպես կարող են նման ձևով ստել, չէ՞ որ այս ամենն արդեն բարոյական չէ: Ավելի լավ է ինձ ասեին, որ չեն վերադարձնելու գումարս, քան նման ձև իրենց պահեին: Նշեմ, որ օրեր շարունակ չէի կարողանում կապվել իրենց մենեջերների և տնօրենների հետ, իսկ երբ հաջողվեց, ինձ հայտնեցին, որ նրանք էլ խնդրի վերաբերյալ նույն դիրքորոշումն ունեն: Փաստորեն, «BESSINI»-ում սրիկաներ են հավաքված ու չգիտեմ, թե ինչ են անում այս ժողովրդի գլխին»,- իր խոսքը եզրափակեց Ստելլան:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ դիմել է «Սպառողների միություն», որտեղ իրեն ասել են, որ իսկապես կատարվածը սրիկայություն է, սակայն հորդորել են դիմել իրավաբանների, որովհետև իրենք չեն կարող զբաղվել տվյալ խնդրով: Ստելլայի խոսքով` չի կարող հետևել նրանց խորհրդին, որովհետև դա արդեն մեծ աղմուկ կբարձրացնի իրենց տանը:
Asekose.am-ը պատրաստ է տեղեկատվական հարթակ տրամադրել նաև մյուս կողմին:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան