Փաշինյանի քաղաքական որոշումները ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ հանգեցնում են Հայաստանի հասարակության պառակտման և լի են լուրջ խնդիրներով. ՌԴ Պետդումայի խոսնակ
Ըստ Վյաչեսլավ Վոլոդինի` հենց միասնության կորուստն էր, որ սկիզբ դրեց Ուկրաինայում և Բալթյան երկրներում առաջացած դժվարություններին։ Նրանք կարծում էին, որ ավելի երջանիկ կլինեն Եվրամիությունում, բայց իրականությունը հակառակն է ապացուցել։
Վոլոդինը ներկայացրել է թվեր, որոնք «խոսում են իրենց մասին». Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կարող է նրան արժենալ ՀՆԱ-ի 15-20%-ի կորուստ՝ առնվազն 5 միլիարդ դոլար։
«Կորուստները կլինեն ավելի մեծ։ Եվ դրանցից ոչ բոլորն են ֆինանսական։ Մենք արդեն տեսնում ենք պատմությունը վերաշարադրելու և ազգային ու ավանդական հիմքերը խաթարելու փորձեր։ Արևմտյան լիբերալ արժեքները պարտադրվում են հայ ժողովրդին, իսկ եկեղեցին հալածվում է»,– գրել է նա իր Telegram ալիքում։
***
Հայաստանը հիանալի հասկանում է Եվրամիությունում և Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հանրապետության միաժամանակյա գտնվելու անհնարինությունը, և երբ հասունանա նման անհրաժեշտությունը, համապատասխան որոշումը կկայացվի Հայաստանի քաղաքացիների կողմից:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից և արդյոք այդ հարցի շուրջ հանրաքվե կլինի՝ հաշվի առնելով հանրապետության՝ երկու միավորումներում գտնվելու անհնարինությունը:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, և ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի համապատասխան որոշում կայացնել։
Ընդ որում, այդ հարցով որոշում կկայացվի, անշուշտ, Հայաստանի քաղաքացիների կողմից։ Այժմ նման անհրաժեշտություն չկա»,-ասել է Մհեր Գրիգորյանը։
Միաժամանակ Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, կառուցողական համագործակցություն է վարում, լիարժեքորեն մասնակցում է քննարկումներին եւ բոլոր որոշումների ընդունման գործընթացներին»։


