Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ՌԲԿ-ին:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ տեղի ունեցած հանդիպմանը: Հայաստանի վարչապետը բացառել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մոտակա հնարավորությունը, քանի դեռ հայ-ադրբեջանական լարվածությունը չի հանգուցալուծվել։
«Մեզ համար անընդունելի են սպառնալիքներով Հայաստանը բանակցային գործընթացի մեջ ներքաշելու փորձերը:
Եթե Ալիեւը ցանկանում է, որ Հայաստանի վարչապետը ներկայացնի Լեռնային Ղարաբաղի շահերը բանակցային սեղանի շուրջ, նշանակում է՝ հենց ինքն է ասում, որ Ղարաբաղը Հայաստան է: Եթե Ղարաբաղը Հայաստան չէ, ինչպես նշում է Ալիեւը, ինչո՞ւ պիտի Հայաստանի վարչապետը ներկայացի այն բանակցային սեղանի շուրջ: Դա ոչ միայն ես եմ ասում, դա հենց Ալիեւն է ասում, միջազգային հանրությունն էլ է դա ասում, եթե ցանկանում է, որ Հայաստանը ներկայացնի Ղարաբաղը բանակցություններում: Ուրեմն եկեք արձանագրենք այս փաստը եւ հետեւություններ անենք:
Ես հայտարարել եմ, որ Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի հայ ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար, ինչին ի պատասխան՝ Ալիեւը շարունակեց նույն հռետորաբանությունը, որն ուներ մինչ 2018 թվականը՝ պնդելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար, բայց դա անհնար է:
Ես կոչ եմ արել հայերին ու ադրբեջանցիներին չվիճել սոցիալական ցանցերում, այլ զրուցել, փորձել հասկանալ՝ ինչու են ադրբեջանցիները կամ հայերը այս կամ այն հարցի շուրջ նման բան մտածում»:
Այս համատեքստում Իլյա Դորոնովն անդրադարձել է Մոսկվայում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած բախումներին՝ հայտնելով, որ տեղի ունեցածն աննախադեպ է մոսկվացիների համար:
«Ռուսաստանում հայերի եւ ադրբեջանցիների բախումները հայերը չեն սկսել. սկզբում ադրբեջանցի գործարարներին պատկանող ռուսաստանյան շուկաներում, խանութներում արգելափակել էին հայկական ապրանքների մուտքը: Դրան հետևել են բախումները, որոնք ոչ այլ ինչ են, քան ատելության հռետորաբանության շարունակություն, որը վերջին 15 տարին կիրառվում է Ադրբեջանում: Հայկական հռետորաբանության մեջ կան սկզբունքներ, մոտեցումներ, բայց չկա ատելություն, ինչը չենք կարող փաստել Ադրբեջանի մասին: Հայաստանի բոլոր իշխանությունների՝ ոչ միայն ներկայիս, այլ նաեւ նախկինների հռետորաբանության մեջ Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ ազգային ատելության ու թշնամանքի որեւէ տարր չի եղել:
Միեւնույն ժամանակ վերջին իրադարձությունները մի շատ կարեւոր նրբություն ունեն, այն է՝ Ադրբեջանի կողմից Ռուսաստանում իրավիճակի ապակայունացման, Ռուսաստանն ազգամիջյան կոնֆլիկտների դաշտի վերածելու փորձը: Սա անթույլատրելի է, Ռուսաստանի կայունությունը Հայաստանի համար ռազմավարական կարեւոր գործոն է:
Բոլոր մարդիկ, որոնք բնակվում են Ռուսաստանում, պարտավոր են պահպանել ՌԴ օրենքներն ու կարգը: Ադրբեջանական կողմի վարքագիծն անթույլատրելի է ոչ միայն քաղաքական, օրենսդրական, այլ նաեւ բարոյական տեսանկյունից»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: