Ադրբեջանի կրթության նախարարության կողմից հաստատված և դպրոցական ծրագրերում ընդգրկված տարբեր առարկաների դասագրքերում առկա ագրեսիվ հայատյացության, ատելության քարոզչության, ինչպես նաև ատելության լեզվի տասնյակ օրինակներ են դուրս բերվել ու տեղադրվել «Azerichild.education», «Azichild.info»-ի կայքերում, որոնք ստեղծվել են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ՝ հնարավոր դարձնելով ծանոթանալու Ադրբեջանում հայատյացության ամենավտանգավոր դրսևորմանը՝ մանկական և երիտասարդական գրականության մեջ՝ հեքիաթներում, բանաստեղծություններում, մանկական խաղերում, երեխաների համար ստեղծված կրթական ու հանրամատչելի նյութերում, երաժշտական դասագրքերում, մեթոդաբանական ձեռնարկներում:
Նշենք, որ Ադրբեջանում պաշտոնյաները կտրականապես ժխտում են այլատյացության գոյությունը ուսումնական գրականության մեջ: Այդ երկրի կրթության փոխնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է.«Ադրբեջանական դասագրքերում ատելություն չի սերմանվում որևէ ժողովրդի, այդ թվում՝ հայերի հանդեպ»:
Ալիևն էլ իր հերթին հայտարարել է, որ երբեք թույլ չի տա ադրբեջանական ժողովրդի մեջ դաստիարակել հայերի նկատմամբ թշնամու կերպարը:
Ուշագրավ է, որ ադրբեջանական դպրոցական գրականության մեջ ատելության լեզվի կիրառումը չի սահմանափակվում միայն հայերով, բացասական արտահայտություններ են հնչում նաև Ադրբեջանի հետ սահմանակից այլ երկրներում ապրող ժողովուրդների՝ վրացիների, քրդերի, պարսիկների, ռուսների հասցեին:
Քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հայատյացության դրսևորումներն ընդգրկված են ուսումնական բոլոր դասագրքերում, անգամ ռուսերենի գրքում:
«Թվում էր, թե ռուսերենի գրքում պետք է տառերը սովորեցնեին, բայց ոչ..Գրքում գրված է, թե իրենց երկիրն ավելի գեղեցիկ կլիներ, եթե հայերը չգրավեին այն: Թե սա ի՞նչ կապ ունի ռուսերենի հետ՝ անհասկանալի է: Այնուամենայնիվ, 4-րդ դասարանի երեխան արդեն գիտի, որ իրենք երջանիկ կլինեին, եթե հայերը չհարձակվեին ու չնեղեին իրենց: Վերցնում ենք 2-րդ դասարանի ադրբեջաներենի գիրքը: Բանաստեղծություն է, որտեղ ասվում է այն մասին, որ հայերը Ձմեռ պապին ու Ձյունանուշին չթողեցին Քելբաջար: Մեթոդաբանական ձեռնարկում էլ ուսուցչին բացատրում են, թե անհրաժեշտ է երեխաներին բացատրել, որ հայերը օկուպացրել են իրենց տարածքները: Պարզվում է՝ Հայաստանը տեղակայված է ադրբեջանական հողի վրա, որտեղ հնուց ապրել են թուրքերը: Երաժշտության դասագրքում էլ խոսում են հային դաժանաբար սպանելու մասին»,-մանրամասնեց Արմինե Ադիբեկյանը:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան էլ նկատեց.
«Մի քանի սերունդ արդեն այս ոգով դաստիարակվել է, իսկ գործընթացը շարունակվում է: Երևույթը ոչ դադարեցնում, ոչ էլ մեղմացնում են: Դեռ երկու սերունդ մեզ հարկավոր է, որպեսզի ադրբեջանական հասարակության գիտակցությունը մաքրվի հայատյացությունից ու գոնե ադեկվատ խոսել կարողանանք»:
Բանախոսները հայտնեցին, որ կաշխատեն, որ կայքում անպայման կներկայացվի իրականությունը, կհամագործակցեն պատմաբանների, իրավաբանների հետ:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում