Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
Տարբեր մեղքերի համար հարյուրավոր դատավորների դեմ մեր քաղաքացիներից ստացել եմ հազարավոր բողոքներ: Առանց որևէ անձնական շահի, որպես նախարար, ԲԴԽ եմ տարել դատավորների միայն կոպտագույն խախտումները: ԲԴԽ-ն իմ պաշտոնավարման շրջանում շուրջ մեկ տասնյակ դատավորների լիազորություններ է դադարեցրել:
Վերջին մեկ տարում որոշ պաշտոնազրկված դատավորներին հարակից մի քանի լրագրողներ ու փաստաբաններ մեռան փչելով մի փուչիկ, որը երեկ պայթեց նորացված ԲԴԽ-ում, որտեղ այլևս ներկա չէ իմ ընկեր Կարեն Անդրեասյանը:
Հենց մեր ընկերությունը շահարկելով էլ նախկին դատավորներից Սուրեն Անտոնյանը դիմել էր ՄԻԵԴ և այնտեղ ստացել իր գործը նորից վերանայելու հնարավորություն: ԲԴԽ-ն լրիվ նոր կազմով վերանայեց ու նորից վերահաստատեց, որ ես ճիշտ գործ էի տարել: Այս գործը քննած նախկին 8 անդամներից ԲԴԽ-ում մնացել էր միայն մեկը: Այսինքն` ԲԴԽ լրիվ նոր 9 անդամները միաձայն ասացին, որ մենք ճիշտ էինք, ու ոչ մի շահերի բախում էլ չկար: Դատավորը կոպտորեն խախտել էր օրենքը և դատավորը պետք է հեռանար:
Վերջին մեկ տարում մի այդպիսի «դարակազմիկ արդարության» վերականգնման միֆ էլ տարածվում էր մեկ այլ նախկին դատավորի` Արթուր Ստեփանյանի շուրջ: Սահմանադրական դատարանը գտել էր, որ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը հակասահմանադրական է, քանի որ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար պետք է ոչ թե 5, այլ առնվազն 6 ձայն: Իհարկե, ինձ ու Անդրեասյանին այստեղ էլ գրեթե ամեն ինչի համար մեղադրեցին ու հավեսով քարկոծեցին: Եվ ահա´, նորացված ԲԴԽ-ն արդեն ոչ թե 5, այլ 9 ձայնով որոշեց, որ իմ տարած գործն արդար էր, և դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեին:
Այն բոլոր շահարկողները, ովքեր ձեռքերը շփշփացնելով ուղիղ մեկ տարի փորձել են ներկայացնել իբրև մենք անձնական միտումներով, պրոֆեսիոնալ սխալներով կամ ԲԴԽ-ն ուզուրպացնելով ենք որևէ մեկի լիազորությունը դադարեցրել, պիտի համոզվեն կամ արդեն համոզվեցին, որ կեղծիքներ ու ստեր էին տարածում: Պարզ է` ներողություն չեն խնդրի:
Մարդկայնորեն անկեղծ` ոչինչ չունեմ այդ նախկին դատավորների դեմ: Ժամանակին էլ չեմ ունեցել: Մեր քաղաքացիներն ու օրենքներն են ունեցել նրանց դեմ ասելիք ու անելիք:


