galatv.am-ը գրում է. Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին, նշել էր. «Ես իրա պատասխանը կտամ»:
Նշենք, որ երեկ Փոստանջյանն իր ելույթում խոսեց իր կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծի մասին, որը վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործունեությանը և նրա կողմից կատարած հանցագործություններին: Հիշեցնենք, նախագծում ասվում էր՝ Սուրիկ Խաչատրյանը, ով մեղադրվում է ծանր հանցագործությունների կատարման մեջ և մի քանի անգամ դատապարտված է եղել, պաշտոնավարելու իրավունք չունի: Իր խոսքում Փոստանջյանը հիշեցրեց նաեւ այն փորձաքննության արդյունքները, որոնք ապացուցում են, որ Սուրիկ Խաչատրյանը թմրամիջոցներ է օգտագործել, և իր խոսքում օգտագործեց «արատավոր ընտանիք» արտահայտությունը, ինչը զայրացրեց Սուրիկ Խաչատրյանի հանրապետական գործընկեր պատգամավորներին:
Այսօր զրույցում Զ. Փոստանջյանն ասաց, թե գտնում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սպառնացել է իրեն, ինչը պետք է ՀՀ իրավապահ մարմինների կողմից քննության առարկա դառնա: «Ինքն ասել է՝ ես կպատասխանեմ իրեն, ես չեմ կարծում, որ նա ունակ է իրականությունը սթափ գնահատելու, այնուամենայնիվ եթե դա սպառնալիք է, պետք է լինի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, եւ իրավապահ մարմինները պետք է գիտակցեն ու հասկանան, որ նա իրապես սպառնալիք է հասարակության նկատմամբ: Իրական սպառնալիք է նա, եւ անկախ նրանից՝ ում վստահությունն է վայելում, անկախ այն հանգամանքից, որ նրան նորից վերանշանակեցին, նա մնում է վտանգավոր հասարակության համար, նա եւ իր մերձավորները»,-ասաց Զ. Փոստանջյանը:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում