Հարգելի ՀՀ Ոստիկանապետ պարոն Գասպարյան, դիմում եմ Ձեզ, քանի որ բազմիցս դրական եք արտահայտվել այսևայն բնագավառներում բարեփոխումների վերաբերյալ: Խնդրանքս է՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականցնել բարեփոխումներ մի ոլորտում, որն ամենից շատ ունի բոլորիս ուշադրության կարիքը. առաջարկում եմ տեսախցիկներ տեղադրել մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, ծերանոցներում, հոգեբուժարաններում և խնամքի նմանատիպ այլ կենտրոններում՝ հնարավոր բոլոր իմացվող և քողարկված դեպքերից խուսափելու համար:
Նշածս տեղերում գտնվող ամեն ոք մեզ համար խոցելի խմբում է, քանի որ այնտեղ գտնվողները չունեն այն իրավագիտակցությունն ու հնարավորությունը, հաճախ նաև առողջությունը, որ կարողանան պայքարել իրենց շահերի համար. որքան էլ լավ լինեն նման կենտրոնները, այդուհանդերձ հսկողություն անհրաժեշտ է: Կասկածի տակ չեմ դնում այդ կենտրոնների բարեխիղճ աշխատանքը, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է առաջարկիս իրագործումը:
Գիտեմ, որ դրանք լուրջ ծախսերի հետ են կապված, բայց բոլորս պիտի ընդունենք, որ դրանով մեծ նպաստ կբերենք այդ ոլորտի բացերի լրացմանը: Մի պահ մտածենք, որ հասարակության մեջ ոչ ոք ապահովագրված չէ այնտեղ հայտնվելուց և գործենք՝ մեր խղճի ու Աստծու առաջ: Հուսամ, որ գրառմանս ի պատասխան ինչ-որ արձագանքներ կստանամ.
Հ.Գ.
Մի անգամ էլ կարծեմ անդրադարձել եմ թեմային, քանի որ իսկապես մտահոգ եմ. իմ զավակին ամեն օր նայելիս միշտ մտածում եմ լքյալների մասին: