▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարաքարում սպանված մյուս անձը ոստիկան է․ նոր մանրամասներ՝ դեպքի վայրից

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Գիշերը Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հնչած կրակոցների հետևանքով սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ոստիկանը սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է եղել և այդ պահին նրա հետ միասին է եղել։

Ավելի վաղ ՆԳՆ ոստկանությունը հայտնել էր, որ Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով երկու անձ է սպանվել, որոնցից մեկը Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիոգորյանն է։  Նա սպանվել է հենց իր տան դիմաց։

Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնության մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։

Հարցին՝ արդյո՞ք որևէ տեղեկություն հայտնի է, թե ովքեր են արձակել կրակոցները, Նարեկ Սարգսյանը մանրամասներ չի հայտնել։

«Մեկ անձ մոտեցել է և կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ, ապա փախուստի դիմել։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն, այլ մանրամասներ այժմ չեմ կարող հայտնել»,- նշել է Սարգսյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Նախքան Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունները՝ փերտվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում․ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։ Հարցին՝ արդյո՞ք կան տվյալներ, որ այսօրվա սպանությունը վենդետա է եղել և կապ ունի ամիսներ առաջ տեղի ունեցած սպանության հետ, ՆԳՆ մամուլի քարտուղարն ասել է․ «Քննարկվում են բոլոր վարկածները։ Նշված դեպքից հետո Մերձավանում տարբեր անձինք են ձերբակալվել, զենք-զինամթերք է առգրավվել։ Այժմ զերծ կմնամ այլ մանրամասներ հայտնելուց»։

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ 

Մերձավանի արյունալի գիշերը․ պատասխանատվության ստվերը իշխանության վրա է

Անցած գիշեր Մերձավանի Երևանյան խճուղում արձանագրված կրակոցները խլեցին մարդկային կյանքեր․ կա երկու զոհ և մեկ վիրավոր։

Զոհերից մեկը Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վոլոդյա Գրիգորյանն է։

Դեպքի շուրջ արդեն իսկ շրջանառվում են տարբեր վարկածներ․ ոմանք այն կապում են իշխանական շրջանակների հետ, մյուսները՝ վենդետայի կամ Մերձավանում փետրվարի 5-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի շարունակության հետ։

Բայց անկախ բոլոր վարկածներից մի բան ակնհայտ է․ քաղաքական պատասխանատվությունն անխուսափելիորեն կրում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Իշխանությունը պարտավոր է ապահովել յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը, իսկ երբ զոհ դառնում է համայնքի ընդդիմադիր ղեկավար, հարցը դուրս է գալիս զուտ քրեական դաշտից և ստանում հստակ քաղաքական երանգ։

Սա վկայում է պետական ինստիտուտների անկարողության մասին։

Եթե տեղի ունեցածը չստանա արագ, թափանցիկ և համոզիչ բացահայտում, ապա հասարակական կարծիքում մեղքի ստվերը շարունակելու է մնալ իշխանության վրա՝ անկախ իրական մեղավորներից։

Մեկ այլ գրառումով էլ՝ Սուրեն Սուրենյանցը նշել է․

Ովքե՞ր չկանխեցին Մերձավանի արյունալի միջադեպը

Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով զոհվեց Փարաքարի համայնքապետ, ընդդիմադիր գործիչ Վոլոդյա Գրիգորյանը։

Սա արդեն երկրորդ ծանր միջադեպն է, որը կարճ ժամանակում տեղի է ունենում նույն համայնքում։

Սա վկայում է, որ պետությունը չի կարողացել կանխել բռնության սրընթաց աճը և վերահսկել իրավիճակը։

ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։

Ավելի կարևոր է պատասխան տալ հարցին՝ ինչ կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկվեին, ովքեր էին պարտավոր դրանք իրականացնել և ինչու չիրականացրին։

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով դեպքին, ըստ էության, շեշտադրել է վենդետայի վարկածը՝ փորձելով այն ներկայացնել որպես տեղական թշնամանքի շարունակություն։

Սակայն նման մեկնաբանությունը չի վերացնում իշխանության քաղաքական պատասխանատվությունը։

Քանի դեռ պետությունը չի ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, ապա յուրաքանչյուր ողբերգություն վերածվում է իշխանության ձախողման։

Փաշինյանի արձագանքի տրամաբանությունը հուշում է, որ մոտ ապագայում հնարավոր են կադրային փոփոխություններ՝ ներառյալ ՆԳ նախարարի կամ ոստիկանապետի պաշտոնանկությունը։

Սակայն իրական լուծումը միայն պաշտոնանկությունը չէ․ անհրաժեշտ են խորքային քաղաքական և համակարգային հետևություններ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more