▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահանջների այս ցանկը համալրվելու է Հայաստանի կողմից ամեն հաջորդ զիջումից հետո․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Այսօր կեսօրից հետո Հայաստանը դե-ֆակտո կառավարող ն. փաշինյանը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Էրդողանին։
Հանդիպումից հետո հնարավոր է, որ լինի համատեղ հայտարարություն։ Կասկած չունեմ (վստահ եմ՝ դուք էլ), որ այն լի է լինելու հակահայկական բովանդակությամբ, այսինքն՝ թուրքական նոր պահանջներով ու դրանց կատարման փաստացի խոստումներով։

Թուրքիայի՝ Հայաստանի դեմ ունեցած պահանջները բնավ նոր չեն։ Դրանք նախապայմանների մի ամբողջություն են, որոնք նպատակ ունեն իբր «խաղաղության» ու «լավ ապագայի» խայծով ստիպել Հայաստանին անել այնպիսի զիջումներ, որոնք հիմնովին թուլացնելու են մեր պաշտպանողականություն ու դիմադրողականությունը և այդպիսով մեզ լիարժեք կախման մեջ են դնելու Թուրքիայից։ Իր հերթին՝ դա արվում է, որպեսզի վերջնականապես հայկական պետությունը գրավվի և վերացվի (Ալիևն ու Էրդողանը պարբերաբար կիսաբաց ակնարկում են այս նպատակի մասին)։

Ուստի հիշեցնեմ այդ նախապայմանների ոչ ամբողջական ցանկը։

Եվ այսպես, Հայաստանը պետք է.

◾Ճանաչի Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները, ինչպես նաև 1921 թ. Կարսի պայմանագիրը,

◾Ադրբեջանին հանձնի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից տարածքներ՝ «անկլավներ» անվան տակ,

◾Սյունիքով և Վայոց Ձորով Ադրբեջանին տրամադրի հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ (« Զանգեզուրի միջանցք»),

◾Կրճատի Հայաստանի զինված ուժերը՝ հասցնելով նվազագույնի թե՛ անձնակազմի, թե՛ տեխնիկայի քանակը ու տեսակը («պրոֆեսիոնալ բանակի» անվան տակ),

◾Փակի Մեծամորի ատոմակայանը,

◾Վերասահմանազատում կատարի Թուրքիայի Հանրապետության հետ (Շիրակից մինչև Արմավիր ու Արարատի մարզեր),

◾Փոխի Հայաստանի կրթական համակարգը, Հայաստանի բոլոր խորհրդանիշները և տոնացույցը,

◾Հայաստանում թույլ տա թուրքերի և ադրբեջանցիների կոմպակտ բնակավայրերի ստեղծում («ադրբեջանցիների վերադարձ»), թյուրքական մշակութային ինքնավարությունների կազմավորում և նրանց իրավունքների երաշխավորում,

◾Հայաստան-Թուրքիա սահմանից հեռացնի ռուս սահմանապահներին և ռուսական ռազմաբազան,

◾Վերջնականապես փակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։

◾Արգելի կամ սահմանափակի Հայաստանում Թուրքիայի դեմ պայքարող կառույցների գործունեությունը (օրինակ՝ Հայ եկեղեցունը կամ որոշ կուսակցություններինը, որոնց թուրքական կողմը համարում է «ռևանշիստ»)։

Ցանկը համալրվելու է Հայաստանի կողմից ամեն հաջորդ զիջումից հետո։
Պետք է նաև ասել, որ այս պահանջները սկզբում դրվելու են լղոզված ձևով, որպեսզի ժողովուրդը խճճվի, չհասկանա ու չդիմադրի»։

***

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի թրքաբոլշևիզմը. Էրդողանի հետ հանդիպման օրակարգում «միջանցքի» հարցն է
Նիկոլ Փաշինյանն Էրդողանի ու Ալիևի հետ ինտենսիվորեն բանակցում է «Զանգեզուրի միջանցքի» հարցով: Թուրքիա մեկնելու նպատակը «միջանցքի» հարցն ավարտին հասցնելն է: Նա պատրաստ է հանձնել այն՝ դիմացն ակնկալելով իր իշխանավարման 3-րդ ժամկետին աջակցություն: Այդ աջակցությունը Նիկոլը պատկերացնում է, այսպես կոչված, խաղաղության փաստաթղթի ստորագրմամբ, որպեսզի կարողանա հայ ժողովրդին խաբել, թե, իբր, խաղաղություն է բերել:
Ալիևը թղթի դիմաց պահանջում է գործողություններ: Սկսած Սահմանադրության փոփոխությունից մինչև ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում՝ «փախստականների վերադարձ» ծրագրի շրջանակներում: Նիկոլը համաձայն է դրանց, բայց խնդրում է ժամանակ: Ասում է՝ վերարտադրվեմ, գնամ 3-րդ ժամկետի, հետո ամեն ինչ կանեմ: Նրան Ալիևն ու Էրդողանը չեն հավատում, կամ էլ՝ չեն հավատում, որ կարողանալու է խոստացածները անել:
Գարեգին Բ-ի և Սամվել Կարապետյանի դեմ լկտի, հանցավոր արշավների կազմակերպումով Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ու Ադրբեջանին ցույց է տալիս, որ հավատարիմ է իր խոստումներին և պատրաստ է Հայաստանի լուծարման ծրագրի իրագործմանը` վա բանկ գնալով: Այսինքն՝ Կաթողիկոսի և հայտնի գործարարի դեմ հարձակումները ոչ միայն ու ոչ այնքան Եկեղեցու և բիզնեսի դեմ են, որքան ՀՀ-ի: Փաշինյանի թուրքականությունն է դրսևորվում այդ քայլով:
Ինչ վերաբերում է նրա բոլշևիզմին, ապա այն արտահայտվեց ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու և այդ հանցագործության անունը ազգայնացում դնելու հարցում:
Ժամանակին բոլշևիկներն էլ էին կուլակաթափություն և էքսպոպրիատորների էքսպոպրիացիա իրականացնում՝ դեմագոգիկ ձևով խոստանալով խլածը բաժանել ժողովրդին, խոստանալով գործարանը տալ բանվորներին, իսկ հողը՝ գյուղացուն: Սակայն բերեցին սով և ավերածություններ:
Հիմա նույն բանն անում է Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական սոուսով:
Ինչպես որ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով բոլշևիկները հանձնեցին ռուսական շահերը հանուն իրենց իշխանության, այնպես էլ թրքաբոլշևիկ Նիկոլը 2022-ի հոկտեմբերի 6-ից սկսած բացահայտորեն ու դավաճանաբար հանձնում է հայկական շահերը` անամոթաբար հայտարարելով, թե 2022֊ի հոկտեմբերի 6֊ին ոչ թե Արցախն է հանձնել, այլ Հայաստանն է անկախացրել։
Նիկոլը «հակաօլիգարխիկ» պայքարի լոզունգի տակ էլ սեփականության վերաձևում է իրականացնում, խլոցի կազմակերպում՝ դառնալով Հայաստանի թիվ մեկ թալանչին:
Հայաստանում թրքաբոլշևիզմն արմատախիլ անելն է, որ հնարավորություն կտա չվերանալ աշխարհի քաղաքական քարտեզից»։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե դիտարկենք ընդհանուր տրամաբանությունը, ապա Նիկոլի՝ Թուրքիա այցը պարզապես դիվանագիտական քայլ չէ։ Դա մի ամբողջ գործընթացի կուլմինացիան է, որի հիմնական նպատակը Հայաստանի պետականության վերջնական կազմաքանդումն է՝ որպես սուբյեկտ և որպես պատմական ու ինքնիշխան միավոր։
Սա մի ակտ է, որի միջոցով Հայաստանը վերջնականապես «պառկեցվում» է թուրքական ազդեցության տակ՝ քաղաքական, տնտեսական, գաղափարական բոլոր ուղղություններով։ Ստամբուլում սպասվող պայմանավորվածությունները, եթե դրանք կայանան, գործնականում Հայաստանը տարածաշրջանային մեծ խաղացողների ձեռքում կդարձնեն ամորֆ ու անողնաշար մի մարմին՝ ձևական ֆիկտիվ աշխարհագրական տարածք։
Այս ամենի ֆոնին Նիկոլի՝ «ինքնիշխանության» մասին խոսքն իրականում ոչ թե ինքնիշխանություն է, այլ՝ ծխածակույթ։ Նրա պատկերացրած «նոր Հայաստանի» ինքնիշխանությունը, ըստ էության, թուրքական օրակարգին ենթարկվելու գործընթացի քաղաքական փաթեթավորումն է։
Ստամբուլի այցը այդ գործընթացի խորհրդանշական և գործնական ստարտն է, որով Հայաստանը դադարելու է հանդես գալ որպես առանձին քաղաքական սուբյեկտ, իսկ դրա «ղեկավարը»՝ գիտակցված կամ ոչ, ստանձնում է այդ պատմական ապամոնտաժման պատասխանատվությունը, քանի որ թյուրքական նարատիվի դրոշակակիրն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more