Hraparak.am-ը գրում է.
Երբ օրերը հաշված հարազատիս մասին հարցրի բժշկին՝ բժիշկ ջան ինչքա՞ ն է մնացել նրան ապրելու, պատասխանեց.
-Ես Աստված չեմ: - Աստծո տնօրինության մեջ չեմ մտնում:
Ես գիտեի, որ փորձառու բժիշկը գիտի, ես դա տեսնում էի նրա հայացքում, բայց նա իրեն թույլ չտվեց խառնվել Աստծո գործերին ու մարդկային ճակատագրերին:
Վերջերս գրել էի, նորից անդրադառնամ, երբ ծանոթներիցս մեկը զանգեց՝ մոգի, նրա մոտ գնալու համար ժամ ճշտելու, նա ասաց.
-Շտապ եկեք, ձեզ մի քանի օր է մնացել ապրելու: … Ու պահանջեց ոչ ավել, ոչ պակաս 5000 դոլար՝ մահվան օրը փոխելու համար…Ինչե՜ր քաշեց այդ մարդը՝ մինչև փողը պոկեց նրանից, անգամ դրան խառնվեց, իմ դիմելուց հետո, Առաքելական եկեղեցու պատվարժան հովիվը ու ամեն ինչ հարթվեց: Առանց դատական գործի ու քաշքշուկի:
Հետո հովիվը պատմեց, որ այդ կնոջը քանի՜- քանի՜ անգամ են հետապնդել, կամեցել սպանել, որովհետև նման բան ասում էր ցանկացած հաճախորդի՝ նրան գցելով մեղմ ասած ստրեսի մեջ: Վախեցնում էր՝ մայրդ է մահանալու, երեխայիդ վտանգ է սպառնում, մեքենայի տակ ես ընկնելու, ծանր հիվանդություն է սպասվում… Վերջում, երբ այդ մոգի հետ առերեսում արվեց՝ փողը ետ ստանալու ժամանակ, ինքն իր բերանով պատմում էր, որ այսինչ կամ այնինչ քաղաքից փախել է, որովհետև ուզում էին նրան սպանել…
Ես սա հենց այնպես չեմ պատմում: Սրա մեջ իմաստ կա, որ կարելի է օգտագործել: Հենց նոր կարդում եմ , որ Iravunq.com-ին հաջողվել է կապվել էքստրասենս Կարեն Ափոյանի հետ` մեկնաբություն վերցնել իր բնակարանում սպանված «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի սպանության մասին:
Կարենն ասում է, որ ինքը չորս ամիս առաջ զգուշացրել է Անիին՝ «Ես նրան զգուշացրել էի որոշ բաներ»: Էքստրասենսը բացատրում է այդ որոշ բաները. «Ես ասել էի, որ նա առողջականի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Երևում էր, որ կյանքի գիծը կարճ էր: Նրան այդ մասին ակնարկեցի ու, այսպես ասած, խոսքս հեռվից սկսեցի: Ասացի` զգո՛ւյշ եղիր, ուշադի՛ր եղիր, քեզ հետևի»:
Ավելի քան ցնցող է, որ Անիի մահը զարմանալի չէր Կարենի համար: Լրագրողի հարցին՝ այսինքն` մահվան փաստ ինչ-որ տեղ այդքան էլ անսպասելի՞ չէր Ձեզ համար, պատասխանում է. « Ցավոք սրտի, ինչ-որ տեղ` այո»: Էլ ավելի ցնցող էր այս էպիզոդը, երբ լրագրողը հարցնում է.
- Անին լուրջ ընդունե՞ց Ձեր խոսքերը: -Չէ, լուրջ չէր ընդունում: Եթե իրեն հուզեր իմ ասածը, ես նրան ավելի կոնկրետ բաներ կասեի:
Ստացվում է, որ եթե Անին լուրջ ընդուներ Կարենի խոսքերը, նա կիմանար ավելին՝ ընդհուպ մինչև, թե ոնց են նրան սպանելու ու երբ: Նման պարագայում մնում է էքստրասենսին հարցնել՝ ո՞վ է սպանել Անիին: Մյուս կողմից էլ՝ եթե նույն գործով զբաղվողները լուրջ չեն ընդունում միմյանց խոսքերը, ինչպե՞ս են ուզում, որ մենք լուրջ ընդունենք: Նորից դառնամ այն բժշկին, որ ասում էր՝ ես Աստված չեմ: Խոսքեր, որոնց համար թեկուզ ուշացումով շնորհակալություն եմ հայտնում օնկոլոգիայի փորձառու բժշկուհի Կարինեին:
Աստծունը թողնենք Աստծուն, չխառվենք, չխաթարենք մարդկային ճակատագրերը: Այդ հարցի մասին բազմիցս ահազանգել եմ ու արժանացել անապատային լռության:
Հասմիկ Բաբաջանյան
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Եթե դեպքի հետ կապված որևէ բան տեսնեմ, հաստատ չեմ բարձրաձայնի. Կարեն Ափոյանը` Անի Մաջնունյանի սպանության մասին