ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այսօրվանից սկսած օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով նվազելու է, իսկ ամսի տասից կրկին բարձրանալու է:
«Առաջին ջերմային ալիքը հուլիսի մեկից տասն ընկած ժամանակահատվածում է եղել, երբ օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտավայրում, Սյունիքի հովիտներում և մայրաքաղաքում բարձրացել է մինչև 39-40 աստիճան, իսկ ամենաշոգ օրը եղել է հուլիսի 10-ին, և այդ ժամանակահատվածում գրանցվել է մինչև 40,5 աստիճան: Այնուհետև այդ ալիքն ընդհատվեց մինչև հուլիսի 25-ը:
Հուլիսի 25-ից մոտեցավ տաք հոսանքի նոր ալիք, ինչի արդյունքում ջերմաստիճանը կրկին բարձրացավ: Այդ ժամանակահատվածում Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանը 39-41-ի սահմաններում է տատանվել, իսկ Սյունիքի հովիտներում գրանցվել է աննախադեպ երևույթ.10 օր շարունակ ջերմաստիճանը տատանվել է 41-42-ի սահմաններում»,-ասաց Սուրենյանը` հավելելով, որ ամենաշոգ օրը եղել է օգոստոսի 2-ին.
«Արարատյան դաշտում ջերմաստիճանը եղել է 41.0, իսկ մայրաքաղաքում գրանցվել է 40.6 ատիճան տաքություն: Այսօր արդեն տաք օդային ալիքը նահանջում է, ուստի օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով նվազելու է: Իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում նկատելի նվազում է սպասվում:
Մոտեցող ցիկլոնն իր հետ բերում է խոնավության որոշակի պաշարներ և այսօր երեկոյան և վաղը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև ու ամպրոպ, մեծ է նույնիսկ կակուտի հավանականությունը:
Մինչև օգոստոսի 9-ը Երևանում ջերմաստիճանը 36 աստիճանից չի բարձրանա: Օգոստոսի 10-ից սառը օդային հոսանքները կհեռանան և Իրաքից նոր ջերմային ալիք կմոտենա: Օգոստոսի 11-ին կգրանցվի 39 աստիճան, իսկ մինչև օգոստոսի 15-ը կունենանք 40 և ավելի բարձր ջերմաստիճան: Արարատյան դաշտում ջերմաստիճանը կտատատնվի 40-41-ի սահմաններում, Սյունիքի հովիտներում՝ 42-ի սահմաններում, շոգ կլինի նաև Տավուշում՝ 38-40»,-տեղեկացրեց Սուրենյանը՝ ազգաբնակչությանը հորդորելով զգոն լինել, որովհետև Հանրապետությունում հինգերորդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ է:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը նկատում է՝ 1843 թվականից մինչ օրս նման տևական շոգեր չէինք ունեցել, բայց դեռևս ռեկորդ չի գրանցվել. մեր ռեկորդները եղել են 2011 թվականի հուլիսի 31-ին՝ Մեղրիում, 43.7 աստիճան և 2010 թ. օգոստոսի 3-ին Երևանում՝ 42.0 աստիճան:
Անի Կարապետյան