▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրուգվայցին կգա Հայաստան, կայցելի նաև Վրաստան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանը (նստավայրը՝ Թեհրան):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանի դիվանագիտական մեծ փորձառությունը լավագույնս կծառայի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը և որակական նոր մակարդակի կբարձրացնի փոխշահավետ համագործակցությունը:

 



Հանրապետության նախագահը և դեսպան Շտայնմանն առանձնահատուկ ընդգծել են Ուրուգվայի հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր ոլորտներում և կամրջող դերը երկու պետությունների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

 

«Նախ և առաջ պետք է շատ աշխատել: Աշխատել և տեսնել, թե որ դաշտում կարող ենք աշխուժացնել մեր հարաբերությունները: Մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն այս պահին շատ փոքր է և պետք է փորձել անել ամեն ինչ այն մեծացնելու համար:

Մենք ստորագրված համաձայնագրեր ունենք գիտատեխնիկական, գյուղատնտեսական ոլորտներում և այս ուղղությամբ ևս պետք է շարունակենք զարգացնել համագործակցությունը:

Մենք ունենք նաև համաձայնագրեր զբոսաշրջության ոլորտում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես արդեն քիչ առաջ ասացի պարոն նախագահին՝ մենք Ուրուգվայում ունենք հայեր, ովքեր այցելում են Հայաստան, երբեմն զբոսաշրջային նպատակներով, երբեմն բարեկամներին այցելության: Բայց ուրուգվայցու, այսինքն հայկական ծագում չունեցողի համար 15 հազար կիլոմետր կտրել-անցնելը միայն Հայաստան գալու համար մի փոքր բարդ է թվում: Այդ պատճառով կարծում եմ, որ պետք է զարգացնենք տարածաշրջանային զբոսաշրջությունը, որպեսզի ուրուգվայցին գա Հայաստան, այցելի նաև Վրաստան: Նույնը նաև հայերի դեպքում է: Կարծում եմ հայերը ևս կցանկանային տարածաշրջանային զբոսաշրջություն իրականացնել, օրինակ այցելել Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա:

Ես անպայման պետք է դիտարկեմ նաև, թե ինչ համագործակցություն կարող ենք ծավալել գյուղատնտեսության ոլորտում: Ուրուգվայը ողջ աշխարհում հայտնի է իր մսարտադրությամբ, կաթնարտադրությամբ և այլ ապրանքներով, որոնցով Հայաստանը կարող է հետաքրքրված լինել»,-ասել է  Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանը:

Նշենք նաև, որ նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել նաև  Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more