Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Քաղաքական դաշտի ամենափոփոխական անձանցից մեկը Տիգրան Ուրիխանյանն է: Փետրվարյան հայտնի դեպքերից հետո ԲՀԿ-ն լքեցին բազմաթիվ մարդիկ: Ինչպես ասում են ՝ կործանվող նավը առաջինը լքում են առնետները: Այն լքողներից մեկը Տիգրան Ուրիխանյանն էր, ով մարտի 26-ին հայտարարեց այդ մասին:
Որոշ ժամանակ անց, նա բացեց «Ալյանս» անունով մի կուսակցություն: «Ալյանս»-ը կարելի է անվանել թվով երրորդը Ուրիխանյանի համար, քանի որ մինչ ԲՀԿ-ին միանալը նա ուներ կուսակցություն, սակայն գայթակղվելով աննշան պաշտոնով, լուծարեց այն՝ շիվար թողնելով իրեն հավատող մարդկանց:
Ուրիխանյանին թվում էր թե այս փախուստը արդարացված կլինի, և նորաթուխ անդամը կկարողանա կայանալ ԲՀԿ-ում: Փետրվարին եղավ այն ինչ եղավ: Այս անգամ հենց ինքը մնաց շիվար: Ինչպես այս դեպքում են ասում - ինչ ցանես,այն էլ կհնձես:
Այսօր տեղի ունեցավ իր կուսակցության առաջին համագումարը: Այժմ նա փորձում է զարգացնել իր բիզնես ծրագիր կուսակցությունը, որը պատրաստակամ կլինի դառնալ ավելի շատ գումար առաջարկող քաղաքական ուժի առաջամարտիկ գումարտակ:
Ինչ խոսք, նման մարդու տեսակը առկա էր դեռ հին ժամանակներում: Պատահական չէ իմ կողմից ընտրված վերնագիրը ՝ որտեղ նշված է Տիգրանակերտի ճակատամարտը: Հայ-հռոմեական պատերազմի ժամանակ, հռոմեական բանակի զորավար Լուկուլլոսը Տիգրանակերտը գրավեց ուրիխանյան տեսակի մարդկանց շնորհիվ, ովքեր մի քանի կոպեկի դիմաց վաճառվելով՝ բացեցին ամրոցի դարպասները:
Հույս ունեմ քաղաքական խոշոր ուժերը Լուկուլլոսի պես խելամիտ կգտնվեն, և ձեռք չեն մեկնի իրեն: Ով կարդացել է՝գիտի, որ դավաճանների մի մասը գլխատվեց, մյուս մասը՝ վտարվեց:
«Եթե այսօր նրանք մի քանի դրամի դիմաց դավաճանեցին, իրենց արքային, ապա ինչը իրենց կխանգարի վաղը նույն կերպ վարվել ինձ հետ» - Լյուցիոս Լուկուլլոս: