Վերջերս Եվրասիական երիտասարդական խորհրդարանի նախագահ, ՌԴ քաղաքացի Անդրանիկ Նիկողոսյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է միացվի Ռուսաստանին, ինչից հետո սկսեցին կոչեր հնչել, որ անհրաժեշտ է նրան զրկել ՀՀ Աժ նախագահի, ՊՆ նախարարի և այլոց կողմից տրված պարգևներից:
«Անկախություն, պետություն, պետականություն, սրանք բարձրագույն արժեքներ են: Իսկ պետության դեմ ոտնձգությունները դատապարտելի են, իսկ նման մարդիկ մեր հասարակության մեջ տեղ չունեն, մերժում եմ նրա գոյությունը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Ինչ վերաբերում է «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալներին, որոնցով պարգևատրվել է Անդրանիկ Նիկողոսյանը, Դավիթ Գասպարյանը նկատեց.
«Հավանաբար ինչ-որ ծրագիր է կատարել, ցանկացել է իր մայդանն այստեղ սարքել»:
Շարունակելով վերջինին՝ Հովհ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ասաց.
«Ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե օտար երկրի քաղաքացին ինչ ձևով է պատկերացնում Հայաստանի ապագան: Նա արտահայտում է օտար երկրի շահերը: Ուրիշի վասալը չպետք է մեզ սովորեցնի, թե ինչպես վարվենք: Եթե ուշադիր լինեք նրա՝ հետագայում արված մեկնաբանություններին,դրանց տրամաբանությունը սա է.Եղբայր, ի՞նչ եք ուզում, դուք ընտրել եք ԵՙՏՄ-ն, որը ռուսական կայսրության մասին է խոսում»:
Անի Կարապետյան