▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունենք եւ զոռբաներ. Վլադիմիր Գասպարյանը` ճանապարհային ոստիկաններին

 

ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության աշխատանքում թերություններից զատ, դրական փոփոխություններ է տեսնում:

«Ունենք եւ զոռբաներ, բայց ակնհայտ ա՝ Ճանապարհային ոստիկանության կերպարի փոփոխությունը հասարակության մեջ՝ հատկապես Երեւանում լավ երեւում ա: Սպասարկման ձեւը, որակը, շնորհքը, հանդուրժողականությունը, ամեն դրականը, որով պետք ա օժտված լինի ճանապարհային ոստիկանը, դա կա: Ես կարծում եմ, որ մենք մեր առաջ դրած խնդիրը կլուծենք, ես հույսով եւ համոզմունքով լի եմ»,- այսօր՝ հոկտեմբերի 23-ին Ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ ասել է ոստիկանապետը:

Միևնույն ժամանակ, ոստիկանապետը նշել է, որ Ճանապարհային ոստիկանության որոշ ստորաբաժանումների, օրինակ՝ հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում դեռևս կան անհանդուրժելի, ոստիկանի արժանապատվությունն արատավորող, ոստիկանության հանդեպ հանրության հավատը խարխլող երևույթներ:

«Ինձ շատ ա անհանգստացնում կոռուպցիոն ռիսկերը: Չէ՞ որ խնդիրներ ա դրված, եւ շատ տրամաբանական ա դրված, չէ՞ որ դրանով խոցելի ա դառնում ամբողջ համակարգը»,-նշել է ոստիկանապետը: 

Ընդգծելով շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գիտակրթական հաստատությունների, քաղաքացիների լայն ներգրավվածությունը երթևեկության ոլորտում առկա խնդիրների լուծման գործում՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորել է այդ գործընթացին ճանապարհային տեսուչների ակտիվ մասնակցությունը։

«Մենք ունե՞նք ՃՈ մի տեսուչ, որը մոտեցել ա հանձնաժողովին, ասել ա՝ գիտե՞ք ես ծառայություններ եմ տանում Երեւանի այ էս, այ էս, այ էս փողոցներում, եւ տեսնում եմ այսպիսի, այնպիսի թերություններ, առաջարկում էմ այ էսպես, էսպես անել, որպեսզի կանոնակարգվի: Ձեզանից լավ ոչ ոք չի կարող հասկանալ եւ տիրապետել մի վախեցեք, նախաձեռնեք»,- ՃՈ տեսուչներին է դիմել Վլադիմիր Գասպարյանը:

Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև ճանապարհային ոստիկան-վարորդ հարաբերությունների բարելավման, վարորդներին, մասնավորապես՝ այլ երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ապօրինի անտառահատումների դեմ պայքարում ճանապարհային ոստիկանության նեգրավվածությունը մեծացնելու և մի շարք այլ խնդիրների, որոնց վերաբերյալ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Նշենք, որ այսօր կայացած խորհրդակցության նպատակն է եղել՝ քննարկել հանրապետության նախագահի սեպտեմբերի 11-ի հանձնարարականի կատարման ընթացքը, երթևեկության խնդիրների մշտադիտարկման այս փուլի արդյունքներն ու առաջարկված ծրագրերի իրականացման արդյունավետությունը: Հիշեցնենք, որ նախագահը հանձնարարել էր վերանայել տուգանքների կարգը` մասնավորապես թեթեւացնելով թեթեւ խախտումների համար նախատեսվող տուգանքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more